ԳլխավորԼուր

Ադրբեջանական բեռնատարը բախվել է հայկական ավտոմեքենային

Մայիսի 5-ին, ժամը 13:30-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտի շրջանի Դրմբոն-Մարտակերտ ճանապարհահատվածում ադրբեջանական շարասյան մաս կազմող քարշակող բեռնատարի կողմից վթարի է ենթարկվել ճանապարհի հանդիպակաց գոտով երթևեկող հայկական ավտոմեքենան, որն ընկել էր ճանապարհի աջակողմյան ձորակը:

Դեպքից անմիջապես հետո դեպքի վայր են ներկայացել ոստիկանության ծառայողները: Վարորդի և երկու ուղևորների առողջությանը լուրջ վնաս չի պատճառվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում դեպքի հանգամանքները, վթարի ու բախման առաջացման պատճառները, այն կանխելու հնարավորությունը, բախումը դիտավորության կամ անզգուշության հետևանք լինելը պարզելու ուղղությամբ:

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը կատարվածը որակել է որպես դիտավորյալ կատարված հանցագործություն։

«Մարտակերտի շրջանի ճանապարհին Արցախի քաղաքացիական մեքենայի դեմ ադրբեջանական բեռնատարի կողմից կատարվածը դիտավորյալ հանցագործություն է: Այս հանցագործության մաս են դարձել «Թումո» ստեղծարար կենտրոնի աշխատակիցները, որոնք իրենց առաքելությունը պետք է կատարեին` գյուղական համայնքներից ավելի շատ երեխա հավաքագրելու մասով, որպեսզի նրանք ավելի լավ կրթություն ստանան»,– գրել է Բեգլարյանը Twitter-ի իր էջում։