Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 29-ին այցելել է «Լուսէ» վերականգնողական կենտրոն հիմնադրամ, որը սոցիալ-վերականգնողական ծառայություններ է մատուցում զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից:
Պաշտպանը վերականգնողական կենտրոնի տնօրեն Գոհար Գալստյանի հետ շրջել է կենտրոնում, ծանոթացել անձնակազմի հետ, շենքային պայմաններին, մատուցվող ծառայություններին, ընթացիկ աշխատանքներին և հետագա ծրագրերին։
Անահիտ Մանասյանը զրուցել է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների ու նրանց ծնողների հետ, ընդգծել հասարակությունում առկա կարծրատիպերը փոխելու կարևորությունը՝ ներառական և համերաշխ միջավայր ապահովելու տեսանկյունից:
Անահիտ Մանասյանը «Լուսէ վերականգնողական կենտրոն»-ին է փոխանցել նաև խորհրդանշական նվերներ, երեխաների համար նախատեսված խաղեր։
