Հանրակրթական դպրոցներում այսօր հնչել է ուսումնական տարվա ավարտն ազդարարող վերջին զանգը, հիշեցնում են ԿԳՄՍՆ-ից: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Սոլակ գյուղի միջնակարգ դպրոցի, Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցի և Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի ավարտական միջոցառումներին:
Շնորհավորելով շրջանավարտներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հորդորել է լսելի դարձնել իրենց ցանկությունները՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ նոր սերունդն ունի անհրաժեշտ ներուժ և կարողություն՝ վստահությամբ շարժվելու իր երազանքներին ընդառաջ։
Արաքսիա Սվաջյանը նաև հաջողություններ, երազանքների, նպատակների և ծրագրերի իրականացում է մաղթել շրջանավարտներին:
Սոլակ գյուղի միջնակարգ դպրոցն ունի ավելի քան 300 սովորող. այս տարի դպրոցն ավարտում է 14 շրջանավարտ: Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցն ու Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցն այս տարի ճանապարհել են շուրջ 150-ական շրջանավարտների:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

















