ԳլխավորԼուր

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է արցախցի ուսանողներին

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է արցախցի ուսանողներին

Սեպտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց արցախցի շուրջ 35 երիտասարդների՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Սրբազան Հայրը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, տեղեկացրեց, որ երիտասարդները Հայաստանում են իրենց ուսումը շարունակելու Երևանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում։

Հանդիպմանը երիտասարդ հայորդիները Նորին Սրբությանը ներկայացրեցին իրենց կողմից իրականացվող նախաձեռնությունները, որոնց նպատակն է հայ և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Արցախում ստեղծված հումանիտար աղետին և անվտանգային խնդիրներին։

Այնուհետև Ամենայն հայոց կաթողիկոսը, իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցելով երիտասարդ արցախցիներին, իր գնահատանքը բերեց նրանց՝ Արցախի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում ներդրվող ջանքերի ու քաջարի ոգու դրսևորման համար։

Նորին Սրբությունը, մտահոգությամբ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, հորդորեց երիտասարդներին անկոտրում կամքով շարունակել իրենց պայքարը հանուն արցախահայության ազատ, անկախ ու անվտանգ կյանքի իրավունքի։

Ամենայն հայոց հայրապետը նաև վստահություն հայտնեց, որ հայ ժողովրդի զավակները Աստծո օգնականությամբ և միջազգային հանրության աջակցությամբ կկարողանան հաղթահարել իրենց առջև ծառացած բոլոր մարտահրավերներն ու փորձությունները։

Վերջում հայոց հովվապետը պատասխանեց արցախցի երիտասարդների հարցերին, որոնք առնչվում էին արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից տարվող աշխատանքներին։

Հիշեցնենք՝ 2023-ին հայաստանյան բուհեր են ընդունվել (ներառյալ ներբուհական մասնագիտությունները) 25 արցախցի ուսանողներ։

2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։

Սննդամթերքների որոշ տեսակներ վաճառվում են կտրոնով (Ստեփանակերտում՝ նաև հացը)։ Առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքներ պարզապես չկան, հումանիտար ճգնաժամն օրեցօր ավելի է խորանում։