ԳլխավորԼուր

Հայտնի են Հայաստանի լավագույն գրադարանները

2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր: Օրվա շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի է ունեցել միջոցառում, որին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Միջոցառումն սկսվել է 1 րոպե լռությամբ՝ ի հիշատակ Արցախյան պատերազմի զոհերի:

Գրադարանային գործում ներդրած ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար ոլորտի մի շարք պետական և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով և ոսկե մեդալով:

Պարգևատրման արարողությանն անմիջապես հաջորդել են 2021 թվականին հայտարարված «Լավագույն գրադարան» խորագրով մրցույթի ամփոփումն ու մրցանակների հանձնման արարողությունը: Միջոցառման ավարտին պարգևատրվել են նաև ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» ամենամյա մրցույթի հաղթողները:

Նշենք, որ «Լավագույն գրադարան» մրցույթն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, իրականացրել է «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը: Մրցույթին մասնակցել են 70 պետական, համայնքային և այլ կազմակերպությունների գրադարաններ:

Մրցութային անվանակարգերը և հաղթողներն են՝

«Լավագույն համայնքային գրադարան»՝ Սպիտակի քաղաքային գրադարան,
«Լավագույն մարզային գրադարան»՝ Շիրակի մարզային գրադարան,
«Լավագույն նորարար գրադարան»՝ Ավետիք Իսահակյանի անվան գրադարան,
«Լավագույն գիտակրթական գրադարան»՝ ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան,
«Լավագույն մասնագիտական գրադարան»՝ Հանրապետական գիտաբժշկական գրադարան,
«Հատուկ մրցանակ»՝ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր:

Օրվա խորհրդին համահունչ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության Հայաստանի ազգային, Խնկո Ապոր անվան ազգային մանկական, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Սյունիքի մարզային գրադարանները ևս իրականացրել են բազմաբովանդակ միջոցառումներ։

Comment here