ԳլխավորԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

Իրավագիտություն, ինֆորմատիկա… Ինչ են նախընտրում այս տարվա դիմորդները

Հանրապետությունում առաջիկայում սպասվող միասնական քննություններին մասնակցելու համար արդեն մոտ 9 հազար հայտ է ստացվել: Առկա են նաև երկու հազարից ավելի ներբուհական քննություն հանձնողներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գնահատաման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը նշեց, որ թեպետ այս տարի համավարակով պայմանավորված դիմում- հայտերի ընդունման կարգը փոխվել է, սակայն դիմորդները շատ արագ հարմարվել են պայմաններին և ներկայացրել դիմում-հայտերը:

«Իհարկե, խնդիրներ եղել են, հիմնականում դրանք տեխնիկական են, բաց մեր մասնագետները շատ արագ արձագանքել են և ուղղորդել: Ասեմ, որ այս օրերին մեր հեռախոսը չի լռում, բազմաթիվ են զանգերը, որոնք հիմնականում առնչվում են տեղեկություն ստանալուն: Ասեմ, որ սկզբում խնդիր ենք ունեցել օտարերկրյա դիմորդների դիմումների հետ կապված: Նրանք մեր հայրենակիցներն են Ջավախքից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և այլ երկրներից, որոնք ցանկություն են հայտնել ուսումը շարունակել մեր բուհերում: Նրանց դիմում-հայտերը ստանալու հետ կապված նույնպես տեխնիկական հարցեր էին առաջացել, որոնք կրկին շտկվեցին»,-ասաց Կարո Նասիբյանը: Նա տեղեկացրեց, որ եթե դիմում-հայտերն ընդունվել են, ապա նրանք պետք է ներկա լինեն քննությանը:

Հաշվի առնելով այն, որ համավարակով պայմանավորված սահմանները փակ են, այդ դեպքում ինչպե՞ս է ապահովվելու արտերկրի դիմորդների մասնակցության հարցը: Ի պատասխան, Կարո Նասիբյանը նշեց, որ նախարարությունում անցկացվել է քննարկում և եկել են այն եզրակացության, որ եթե հնարավոր կլինի գալ, ապա կմասնակցեն, եթե ոչ, ուրեմն այս տարի չեն կարող:

«Համավարակով պայմանավորված այս տարի քննությունները մեկ փուլով են անցկացվելու: Պետք է ամեն ինչ անենք, որ այդ մեկ փուլով գործընթացն ավարտվի»,-ասաց Կարո Նասիբյանը:

Այս տարի դիմում-հայտերի ստացման գործընթացում հետաքրքիր միտում է նկատվում: Քանի որ այս տարի ընդունելության համար ընդամենը մեկ քննություն է լինելու, շատերը, որոնք այս տարվա շրջանավարտներ չեն, նույնպես ցանկանում են ընդունվել: Նրանց մի մասը երկրորդ մասնագիտություն է ցանկանում ձեռքբերել, մյուս մասը դպրոցից հետո նոր է մտադիր կրթությունը շարունակել:

«Ասեմ, որ այս տարի դիմորդների շրջանում տարիքային շատ բարձր շեմ կա: Եթե նախկինում 10 տարի առաջ դպրոցն ավարտած դիմորդներ էին, ապա այսօր ունենք 20-25 տարի առաջ ավարտած դիմորդներ»,-ասաց Կարո Նասիբյանը:

Թեպետ դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետին դեռ մի քանի օր կա, սակայն այսօր արդեն նկատվում է, թե որ մասնագիտություններն են պահանջված: Նա նշեց, որ մինչ դիմում հայտերն արդեն կանխատեսվում էր, որ նվազելու է հայոց լեզու, օտար լեզու, մասնավորապես, անգլերեն առարկաներից դիմորդների թիվը: Փոխարենը պահանջված է լինելու մաթեմատիկան: Կանխատեսումն իրականություն դարձավ: Եթե նախորդ տարիներին ամենապահանջված առարկաներն էին մաթեմատիկան, հայոզ լեզուն և անգլերենը, ապա այսօր այդ երեքից ամենաքիչը դիմորդ գրանցվել է հայոց լեզու առարկայից: Ինչ վերաբերում է մասնագիտություններին, ապա ավելի պահանջված է իրավագիտությունը, ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկան, միջազգային հարաբերությունները, բժշկագիտությունը:

«Այս տարի մի քիչ դժվար կլինի բժշկագիտության գծով մրցույթ կազմակերպելը: Նախկինում  բժշկագիտության մասնագիտության համար երեք առարկաներից՝ ֆիզիկայից, կենսաբանությունից և քիմիայից ընտրում էին երկուսը: Այս տարի այդ երեքից ընտրելու են մեկը: Ճնշող մեծամասնությունը ընտրելու է կենսաբանություն, որովհետև սովորաբար հենց Կենսաբանությունից են ավելի շատ բարձր գնահատականներ ստանում: Այս դեպքում շատ հնարավոր է չնչին տարբերությամբ ցածր գնահատականներ ստացողները դուրս մնան մրցույթից»,-ասաց Կարո Նասիբյանը:

Նա տեղեկացրեց, որ այս տարի մրցույթի կարգն է փոխվել: Կատարված փոփոխության համաձայն, դիմորդը, նախընտրած ուղղությամբ անվճար տեղերից դուրս մնալու դեպքում մասնակցելու է նույն ուղղության վճարովի մրցույթին: Այստեղից էլ դուրս մնալու դեպքում իր միավորները երկրորդ, երրորդ հայտերի համար կաշխատեն միայն այն դեպքում, եթե այդտեղ թափուր տեղ կա:

Ամբողջությամբ՝ այստեղ։

Comment here