ԳլխավորԼուր

ԵՊՀ ԻԿՄ ֆակուլտետը նշում է հիմնադրման 50-ամյակը

Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը նշում է հիմնադրման 50-ամյակը: Հոբելյանի առիթով ապրիլի 14-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ով երկար տարիներ ղեկավարել է ԻԿՄ ֆակուլտետը, միջոցառման սկզբում առաջարկել է հոտնկայս հարգել Արցախյան վերջին պատերազմում զոհված ուսանողների և համավարակի հետևանքով կյանքից հեռացած երախտավոր դասախոս-գիտնականների հիշատակը:

«Համավարակի և պատերազմի հետևանքով մենք ունեցել ենք ցավալի և անդառնալի կորուստներ, որոնց մոռանալ չենք կարող»,- նշել է նախարարը:

Օրվա խորհրդի շրջանակում Վահրամ Դումանյանը շնորհավորել է հին ու նոր գործընկերներին` ընդգծելով, որ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը թողարկել է մասնագետների և գիտնականների սերունդ, որոնք հետագայում տեղափոխվել են այլ բուհեր` տարածելով ԻԿՄ-ի ավանդույթները:

«Ֆակուլտետի ու բուհի կարևոր բնութագրիչներն ավանդույթներն ու միջավայրն են: Մթնոլորտը, որ միշտ եղել է մեր ֆակուլտետում, որակի է վերածվել և ապահովել զարգացում: Բոլորիս պարտքն է պահպանել այդ մթնոլորտն ու միջավայրը, որի շնորհիվ մենք կապահովենք որակյալ բարձրագույն կրթություն և համալսարանականին վայել արժեհամակարգ»,- նշել է Վահրամ Դումանյանը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյան

Նախարարի խոսքով` ֆակուլտետի և համալսարանի դեմքը ներկա և նախկին լավագույն ուսանողներն են:

«Նրանք մեր մտավոր ոսկու հանքն են, որի փայլը տեսնելու համար մենք պետք է ծախսենք դասախոսական լավագույն ռեսուրսը` չխնայելով ոչինչ»,- ընդգծել է նախարարը:

Նա որպես ձեռքբերում նշել է ԻԿՄ ֆակուլտետի ուսանողական թիմերի նվաճումը նախօրեին ամփոփված ICPC ծրագրավորման միջազգային օլիմպիադայում, որտեղ ԵՊՀ երեք թիմեր գրանցել են տպավորիչ արդյունքներ՝ պարգևատրվելով երկրորդ կարգի դիպլոմներով. «Սա լավագույն նվերն էր ֆակուլտետի 50-ամյակի կապակցությամբ»:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ իր շնորհավորանքի խոսքում ընդգծել է, որ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը ԵՊՀ առաջատար ֆակուլտետներից է, թողարկում է մրցունակ մասնագետներ, ինչի վկայությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների հետ ֆակուլտետի սերտ համագործակցությունն է: Հովհաննես Հովհաննիսյանը հատուկ շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարար, ԻԿՄ ֆակուլտետի երկարամյա դեկան Վահրամ Դումանյանին` ֆակուլտետի զարգացման գործում ունեցած ներդրման համար:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծ ավանդի համար և ԻԿՄ ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ ֆակուլտետի դեկան Յուրի Հակոբյանն արժանացել է ԿԳՄՍ նախարարության մեդալի:

Հանդիսության շրջանակում ԵՊՀ մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով են պարգևատրվել նաև ԻԿՄ ֆակուլտետի մի շարք երկարամյա դասախոսներ և աշխատակիցներ: Ֆակուլտետի անձնակազմին շնորհավորել և հուշանվերներ են հանձնել նաև Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը և «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը: