ԳլխավորԼուր

Սլավոնականում չկար կոռուպցիա, որը շրջանառվեր ուսանողության մակարդակում. Կարեն Ավետիսյան

Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի բակը

Սույնը անվերապահ աջակցության, ֆանատիզմի, անձի պաշտամունքի և սեփական ԲՈՒՀ-ի երկրպագման մասին չի, առավել ևս որ այդպիսի գրառումների պակաս չկա, ֆեյսբուքյան էջում գրել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը։

«… բայց անցնելով Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ուսանող-շրջանավարտ-դասախոս կարգավիճակներով՝ այնուամենայնիվ ինձ իրավունք կվերապահեմ կիսվել մեկ-երկու մտորումներով։

Անկեղծ ես չեմ համարում, որ Սլավոնականի կրթությունը մի երևելի բարձր նշաձող է. վստահ եմ՝ այդպիսի նշաձողներ մեր երկրի բուհերում առհասարակ գոյություն չունեն։

Արմեն Դարբինյանի աշխարհաքաղաքական ու տնտեսական ասպեկտները մեկնաբանել նույնպես ո՛չ ուզում եմ, ո՛չ էլ ունեմ այդ մասին բավարար թե՛ տեսական, թե՛ ներխոհանոցային գիտելիք, բայց կա նրան վերաբերող երկու կետ, որոնք ինձ համար արմատական կշիռ ունեն ու գրեթե վստահ եմ, որ որոշ չնչին վերապահումներով այդ երկուսի տակ կարող է ստորագրել Սլավոնական համալսարանի գրեթե յուրաքանչյուր շրջանավարտ։

1) Հայոց ժամանակակից իրականության մեջ Սլավոնական համալսարանում չկար կոռուպցիա, որը շրջանառվեր ուսանողության մակարդակում, ասել է թե ՝ «ափաշքյարա», ասել է թե՝ չկային տարիֆներ կամ իմացություն, որ էս մեկի մոտ զաչօտը էսքամ ա, էնմեկի մոտ քննությունը՝ էնքամ։ Սա ընդամենը «նորմա» թվացող երևույթ ա, որը մոտ 30 տարի կարողացավ անել Սլավոնականը ու մոտ 30 տարի այդպես էլ չկարողացավ անել պետությունը իր ամենամայր բուհերում։

2) Սլավոնական համալսարանը ուներ ամենաառողջ մշակութային ֆոնը ու այստեղ ոչ թե նկատի ունեմ՝ «համերգ, գոբելեն, КВН կամ Շտօ՞-Գձե՞-Կագդա՞» իմաստով, այլ լայն ու առանցքային ազատ մտածողության ու հանդուրժողականության էկո համակարգի, որտեղ չկային անգաժավորված դոկտրիններ, ուղղորդումներ, կուսակցականացված ուսխորհուրդներ (ի դեպ ևս մի քիչնախադեպ երևույթ), ուղեղի լվացումներ. Արա Գևորգյանն ու Թարիվերդիևը, Ավետ Բարսեղյանն ու Յանուշ Վիշնևսկին, սատանիստական մետալը ու Արամ Ղարաբեկյանը, պոռճի թուլեն ու դոձիկը, ցեղակրոնն ու լիբեռաստը և անգամ Հրանտ Բագրատյանը բազմաձայն համակեցության հովանու ներքո էին։

Վստահ եմ այս 2 իրողությունների հետևողականությունը չափազանց դժվար է պահպանել լինելով երկու երկրների պետական պատկանելության օբյեկտ։

Մեծ հաշվով դա նույնպես ընդամենը «նորմա» է, բայց արի ու տես, որ մեր կրթական համակարգի պատմական տկարության ֆոնին արդեն վաղը այս նորման ցավոք կարող է հիշվել որպես կորուսյալ շքեղություն»,-գրել է Կարեն  Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը հայտնել է՝ մայիսին կայանալիք ռեկտորի ընտրություններում իր թեկնածությունը չի դիտարկվում։