ԱրցախԳլխավորԼուր

Արցախից բռնի տեղահանված 12 167 երեխաներ արդեն դպրոց են հաճախում

Աշակերտները Գորիսի դպրոցներից մեկում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 12 167 երեխաներ հաճախում են ՀՀ դպրոցներ, ՀՀ կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց ներկայացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նրանցից 504–ը Սյունիքի մարզում են, 586–ը` Գեղարքունիքում, 1710–ը` Արարատում, 243–ը` Վայոց Ձորում, 2124` Կոտայքում, 564–ը` Արագածոտնում, 1045-ը` Արմավիրում, 486-ը` Շիրակում, 702–ը` Լոռիում, 364–ը` Տավուշում, իսկ 3839–ը Երևանի տարբեր դպրոցներում են։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում սկսեց՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։

Հայկական կողմից կա առնվազն 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանական կողմի հետ բանակցություններից հետո որոշվեց զինաթափել Արցախի ՊԲ ստորաբաժանումները։

Սեպտեմբերի 24-ից սկսվեց արցախցիների զանգվածային տեղափոխությունը ՀՀ։

Սեպտեմբերի 28-ի առավոտյան հրապարակվեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։

Վերջին տվյալներով՝ Արցախից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է 100 632: Նրանցից շուրջ 30 հազարն անչափահասներ են, որոնցից 8 հազարը նախադպրոցական տարիքի, 22 հազարը` դպրոցական տարիքի երեխաներ: