ԳլխավորԼուր

«Տարեհաց». Երևանում բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը

Ամանորի ուտեստների տոնավաճառ Երևանի Խաչքարերի պուրակում

Երևանի «Հանրապետության hրապարակ» մետրոյի կայարանին հարակից տարածքում՝ «Խաչքարերի պուրակում» տեղի է ունեցել «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառի բացումը, որը գործելու է մինչև դեկտեմբերի 30-ը, ժամը 22:00: Տոնավաճառին ներկայացված են 10 առանձին սեղաններ՝ ՀՀ տարբեր մարզերից ու Երևանից:

Տոնավաճառի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության դրսևորումներից մեկի՝ հայկական խոհանոցի հանրահռչակմանը, նորովի արժևորմանն ու կենսունակության խթանմանը:

Հիշատակելով «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» շտեմարանի նոր ենթաբաժինը՝ «Ուտեստների շտեմարանը»՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այնտեղ գրանցված է շուրջ 250 ուտեստ:

«Տարեհաց» Ամանորի ուտեստների տոնավաճառ Երևանի Խաչքարերի պուրակում

Նա նաև իրազեկել է, որ տոնական օրերի շրջանակում նախատեսվում են Արուճում Հոգևոր երաժշտության փառատոն, իսկ Ջերմուկում՝ Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոն, որտեղ ևս լինելու են տաղավարային հատվածներ:

Տոնավաճառի ընթացքում առանձին սեղաններով մեկ մեծ տաղավարում ներկայացվում են հայկական խոհանոցին բնորոշ ուտեստներ և քաղցրավենիքներ, ինչպես նաև ուտեստի պատրաստման վարպետության դասեր (վարպետաց դասերի ժամանակացույց):

Հայաստանում տարեհացը Ամանորի սեղանի համար խորհրդանշական է՝ որպես անհատական և ընտանեկան հաջողությունն ու բարօրությունը ավետող նոր տարվա սկիզբ: Ավանդույթ կա, որ տարեհացի մեջ դրված մետաղադրամը կարող է հաջողություն բերել այն անձին, ում բաժին է հասնում այն:

Միջոցառումն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ Երևանի քաղաքապետարանի, Մշակույթի զարգացման հիմնադրամի, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ների հետ համագործակցությամբ:

Փախլավա. ամանորի ուտեստների տոնավաճառ Երևանի Խաչքարերի պուրակումՍուջուխ, անալի. ամանորի ուտեստների տոնավաճառ Երևանի Խաչքարերի պուրակումԳաթա, բաղարջ. ամանորի ուտեստների տոնավաճառ Երևանի Խաչքարերի պուրակումԹանապուր. ամանորի ուտեստների տոնավաճառ Երևանի Խաչքարերի պուրակում