ԳլխավորԼուր

Արցախում կթույլատրվի ընտանեկան տոնախմբությունները կազմակերպել 60 հոգով

Համավարակի դեմ պայքարում առաջին կարևոր ձեռքբերումն ունենք: Երեկ 183 թեստավորված քաղաքացիներից ոչ մեկի մոտ «COVID 19»-ով վարակման դեպք չի հայտնաբերվել, ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Սա, իհարկե, հետևողական աշխատանքի արդյունք է, բայց չի նշանակում, որ պետք է թուլացնենք մեր զգոնությունը: Այս պահի դրությամբ մեր երկրում նոր տիպի կորոնավիրուսով վարակված 46 քաղաքացիներ շարունակում են բուժում ստանալ. նրանցից 6-ը ծանր վիճակում են:

Պարետատան այսօրվա խորհրդակցության ժամանակ հանձնարարել եմ փոքր-ինչ մեղմացնել ներքին սահմանափակումները, օրինակ՝ 20 հոգու փոխարեն մարդկանց հնարավորություն կտրվի բաց տարածքում ընտանեկան տոնախմբությունները կազմակերպել 60 հոգով, իհարկե, պահպանելով պարետի կողմից սահմանված կանոնները, որն առաջին հերթին մեր բոլորիս սոցիալական պատասխանատվության խնդիրն է:

Մեր հարազատների կյանքից թանկ ոչինչ չկա: Հատկապես փակ տարածքներում դիմակների կրումը, սոցիալական հեռավորության պահպանումը դարձրեք ձեր կենսակերպի պարտադիր մաս: Միայն միասնական ջանքերով կարող ենք վերաբացել կրթօջախները, վերականգնել կյանքի բնականոն ընթացքը»:

Comment here