ԳլխավորԼուր

Վանաձորի քիմիական կոմբինատը պայթունավտանգ է. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր գրությամբ դիմել եմ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին՝ բարձրացնելով Վանաձորի քիմիական կոմբինատի տարածքում առկա պայթյունավտանգ և թունավոր նյութերի չեզոքացման հարցը։

Խնդիրն այն է, որ որևէ մեկն այլևս այդտեղ չի աշխատում, ցրվել են նաև «Քիմպրոմ»-ի անվտանգություն ապահովող և հրշեջ ստորաբաժանումները, իսկ ամեն օր ավելի ու ավելի քայքայվող տարաների մեջ դեռևս պահվում է ահռելի քանակությամբ ամոնիակ, ամոնիակաջուր, ինչպես նաև 300 կգ սնդիկ և այլն։

Ակնհայտ է, որ «Քիմպրոմ»-ը պայթյունավտանգ է, ակնհայտ է նաև, որ այն պայթելու դեպքում հողին կհավասարեցնի տասնյակ կմ շառավղով տարածք ու կխլի հազարավոր մարդկային կյանքեր։ Եվ սա ոչ թե տեսական, այլ փաստացի ամեն օր ավելի իրական դարձող վտանգ է։ Այս տեսակի աղետի հետևանքները չեզոքացնելն անհամեմատ ավելի բարդ ու ժամանակատար է լինելու, քան դրա կանխումը՝ չհաշված խնդրի բարոյական կողմը. հասարակությունը շարունակ ահազանգում է վտանգի մասին, սակայն մինչ այժմ գործուն քայլեր չեն իրականացվել պայթյունավտանգ նյութերի չեզոքացման ուղղությամբ։

Ըստ այդմ՝ նախարարից խնդրել եմ իր անհապաղ հանձնարարությունը՝ լուծելու Վանաձորի «Քիմպրոմ»-ում առկա պայթյունավտանգ և թունավոր նյութերի չեզոքացման խնդիրը»։

Ավելի ուշ Մարուքյանը նշել է.

«Շնորհակալ եմ Արտակարգ իրավիճակների նախարարությանը արագ արձագանքելու համար:

Այսօր արդեն ԱԻՆ մասնագետներն այցելել են «Վանաձոր Քիմպրոմ» և ուսումնասիրել իրավիճակը: Ավելի մանրամասն տեղեկություններ իմ գրության պատասխանում կլինի, որը կհրապարակեմ ստանալուն պես»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութում հզոր պայթյունի պատճառը 2750 տոննա ամոնիակային սելիտրան է եղել։

Comment here