ԳլխավորԼուր

Վանաձորում մեկնարկել է «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահը 2022 թ. մայիսից մինչև հոկտեմբեր իրականացնելու «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը:

Այսօր՝ մայիսի 25-ին, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկել է «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը, որին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, ինչպես նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը:

«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագրի հիմնական նպատակն է կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները, նպաստել արվեստ և կրթություն կապերի ամրապնդմանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ողջունելով ներկաներին և շնորհավորելով ծրագրի մեկնարկի կապակցությամբ, նշել է․ «Վանաձորը լուրջ ներուժ ունեցող քաղաք է, որտեղ, սակայն, մշակութային կյանքի աշխուժացման խնդիր ունենք: Ջանքեր պետք է գործադրենք՝ ունենալու մեր ակնկալած ակտիվությունը»։

Կարևորելով նախաձեռնությունը և ծրագիրը Լոռու մարզից մեկնարկելու գաղափարը՝ Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը և Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը նախարարի տեղակալ Արա Խզմալյանին, նախարարության և պատկերասրահի ներկայացուցիչներին շնորհակալություն են հայտնել մարզի դպրոցականներին բարձրագույն արվեստին հաղորդակցվելու հնարավորություն ընձեռելու համար:

Ծրագրի առաջին փուլով ՀՀ Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան քաղաքների և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի և Չինար գյուղի հանրակրթական դպրոցի աշակերտներին հնարավորություն կընձեռվի ծանոթանալու ծրագրում ընդգրկված 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի հայկական կերպարվեստի առանցքային հեղինակների հայտնի ստեղծագործություններին:

Տարբեր տարիքային՝ կրտսեր, միջին և ավագ խմբերի համար նախատեսված են մի քանի թեմատիկ ծրագրեր` «Հեքիաթների աշխարհում», «Ճարտարապետության գաղտնիքները», «Ազգային էպոս», «Փորագրանկարչության գաղտնիքները», «Բեմանկարչության արվեստը», «Ծովի տարերքը»: Յուրաքանչյուր թեմատիկ ծրագրի շրջանակում կներկայացվեն համապատասխան ստեղծագործություններ, կկազմակերպվեն կրթական ծրագրեր և դասախոսություններ, որոնք կվարեն Պատկերասրահի լավագույն մասնագետները:

«Մշակութային կյանքի ակտիվությունը պետք է գործադրել այն սերնդի շրջանում, որի գիտակցությունը նոր է ձևավորվում: Եվ թե մենք վաղն ինչ արժեհամակարգով քաղաքացի կունենանք, պայմանավորված է այն իրողությամբ, թե այդ գիտակցության մեջ մենք այսօր ինչ սերմեր ենք նետում՝ ատելության խոսք, քաղաքական բովանդակություն, չարախոսություն, թե գիտելիք, իմացություն, սեփական արժեքների հանդեպ վերաբերմունք»,- նշել է Ա. Խզմալյանը:

Ըստ նախարարի տեղակալի՝ «ԴասԱրվեստ» կրթամշակութային նախագծի նպատակն է ոչ միայն երեխաներին ներկայացնել մեր մեծանուն նկարիչներին, այլև տալ նրանց արժեքի կարևորության զգացումը: Ու նաև հենց այդ պատճառով է, որ ծրագրի մեկնարկը տրվում է պետական տարբեր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ցույց տալու ծրագրի իրադարձային բովանդակությունը, այն է՝ Հայաստանի ազգային պատկերասրահից դուրս է բերվել կտավ և մուտք է գործել դպրոց: Այս կարևորությունը գիտակցելուց հետո տեղական աշխատանքով կզարգացվեն երեխաների գիտելիքը և իմացությունը:

Այսպիսով՝ «ԴասԱրվեստ» ծրագրի շրջանակում կազմակերպված թեմատիկ ցուցադրությունների, դրանց նվիրված կրթական ծրագրերի և դասախոսությունների միջոցով աշակերտները կճանաչեն հայկական կերպարվեստի խոշորագույն ներկայացուցիչներին, ձեռք կբերեն կերպարվեստին վերաբերող տարրական գիտելիքներ (այն է` կերպարվեստի տեսակներ ու ժանրեր, գեղանկարի և գրաֆիկայի տեխնիկաներ, նյութ և այլն), կծանոթանան թանգարանագետի և արվեստաբանի մասնագիտություններին, ինչը մեծապես կնպաստի կրթական համակարգում (ծրագրերում) լրջագույն բացի լրացմանը, ինչպես նաև տեղեկություն կստանան Հայաստանում կերպարվեստի և աշխարհում` հայկական կերպարվեստի հավաքածուով խոշորագույն թանգարանի պատմության մասին:

Վեցամսյա ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության մարզերի դպրոցների ավելի քան 1000 աշակերտների հնարավորություն կտրվի ծանոթանալու Հայաստանի ազգային պատկերասրահին և դրա գործունեությանը: Կներկայացվեն պատկերասրահի պատմությունը, կառուցվածքը, թանգարանային առարկա հասկացությունը, դրա անվտանգության ու պահպանման կանոնները:

Արա Խզմալյանը հակիրճ ներկայացրել է նաև մարզային մշակութային կյանքի զարգացմանն ուղղված ծրագրերը, որոնք արդեն իրականացվում են: Նա անդրադարձել է օրերս մեկնարկած «Քո արվեստը դպրոցում» ծրագրին (2022 թ.), «Զարկֆեստ» փառատոնին, որը կիրականացվի առաջիկայում՝ Դաշտադեմի ամրոցի տարածքում, մի շարք դրամաշնորհային ծրագրերի, որոնք մասամբ կամ ամբողջապես իրականացվում են համայնքներում:

Միջոցառման ընթացքում Հայաստանի ազգային պատկերասրահի թանգարանային կրթության բաժնի վարիչ Հասմիկ Բադալյանը երեխաներին ներկայացրել է Պատկերասրահի պատմությունը, պահվող ստեղծագործությունների գեղարվեստական ժանրերը, վարել է ինտերակտիվ զրույց արվեստի շուրջ: