Արցախի ազգային անվտանգության ծառայությունը տեսագրություն է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորականը կրակում հայկական դիրքի ուղղությամբ։
«2021թ. հոկտեմբերի սկզբներից սկսած` ադրբեջանական կողմը միտումնավոր թույլ է տալիս 2020թ. նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների կողմից եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածության խախտում և արցախա-ադրբեջանական շփման տարբեր հատվածներում իրականացնում է սադրիչ գործողություններ: Դրանք մեկնարկել են Մարտակերտ քաղաքում քաղաքացիական խաղաղ բնակչի սպանությամբ և շարունակվել շփման գծի տարբեր հատվածներում»,– նշել է Արցախի ԱԱԾ–ն:
Եթե նախկինում կրակոցները հաճախ կրել են նախազգուշական նպատակ և ուղղված չէին հայ զինծառայողներին, ապա վերջին օրերին կտրուկ փոփոխվել է կրակոցի ուղղությունը` որպես թիրախ ընտրելով արդեն մարդկային կյանքերը:
«Երեկ Մարտունու շրջանի Նոր Շեն համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից թիրախային գնդակոծության է ենթարկվել նույն գյուղի խաղաղ բնակչությանը պաշտպանելու նպատակով դրա մոտակայքում տեղակայված հայկական դիրքը: Դիմահար կրակոցներն արձակվել են այն աստիճան բացահայտ, որ դրանք արձանագրվել են հայկական կողմում տեղադրված տեսախցիկների կողմից»,–մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցների հետեւանքով վիրավորվել է 6 հայ զինծառայող։ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։