ԳլխավորԼուր

Արցախցիներին աջակցելու նոր ծրագիր. կօգտվեն նաեւ տղամարդիկ ու կենսաթոշակառուները

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանայել է օրեր առաջ շրջանառության մեջ դրված՝ Արցախից տեղահանված կամ այնտեղ բնակելի անշարժ գույքը կորցրած առանձին խումբ քաղաքացիների աջակցության մասին որոշման նախագծի պայմանները, ինչի արդյունքում ընդլայնվել են աջակցությունից օգտվող շահառուների շրջանակը։

Ըստ այդմ` միջոցառման շահառուներ կհամարվեն նախկին միջոցառումների շրջանակում 300,000 դրամ կամ 250,000 դրամ աջակցություն ստացած, 2021թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ-ում կամ ԱՀ-ում գտնվող հետևյալ անձինք՝ աջակցության հետևյալ չափերով.

• երեխաներն՝ ամսական 50,000 դրամի չափով,

• 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք՝ ամսական 50,000 դրամի չափով,

• չափահաս բոլոր քաղաքացիներն՝ անկախ սեռից և տարիքից (այդ թվում՝ կենսաթոշակառուները), եթե չունեն հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ՝ ամսական 25,000 դրամի չափով։

Շահառուները պետք է հաշվառված լինեն բնակչության պետական ռեգիստրում։

Աջակցությունը նշանակվելու է առցանց ներկայացված դիմումի հիման վրա՝ անկանխիկ եղանակով՝ բանկերի միջոցով։

Դիմումներ ներկայացնելու ժամկետների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Որոշման նախագիծը հնարավորինս սեղմ ժամկետներում կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը։ Որոշումն ընդունվելու դեպքում սեպտեմբեր ամսվա համար աջակցության գումարը կվճարվի հոկտեմբերին։

Comment here