Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Գառնիկ Անտոնյանը 21-ամյակը նշեց երկնքում

Գառնիկ Անտոնյանը ծնվել է 2000 թ. Երևանում: Զորակոչվել է 2019 թ., թշնամու դեմ կռվել Մարտունիում, Ջրականում, Վարանդայում, Հադրութում, ղեկավարել է Մարտունի 3-ի լեգենդար 3-րդ վաշտի մարտական գործողությունները: Նա ընկել է հանուն հայրենիքի` նոյեմբերի 1-ին` ավիացիոն հարվածից: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» և «Արիության» մեդալներով:

Ծննդյան իր 21-ամյակը Գառնիկը տոնեց երկնքում, իսկ երկրի վրա ապրող հարազատներն ու ընկերները հավաքվեցին նրա շնորհիվ ու նրա համար:

Այդ օրը Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում ստանալով օրհնություն՝ նրանք մոմավառությամբ քայլերթով հասան, այնտեղ, որտեղ ննջում է Գառնիկը, ապա գնացին հերոսի բակ, որտեղ տեղի ունեցավ ցայտաղբյուրի բացման արարողություն, որը, ինչպես նշեց Գառնիկի հայրը, նվիրված է մերօրյա բոլոր հերոսներին:

«Մենք ցանկացանք ցայտաղբյուր կառուցել՝ մտքում ունենալով վերապրումի գաղափարը: Մեր հերոս տղաների ուժով, հոգով և գաղափարով մեր ազգը պիտի շարունակի ապրել, արարել ու զարգանալ: Նրանք ընկան, որ մենք ապրենք՝ ունենալով հզոր հայրենիք ունենալով, դառնալով ազգ-բանակ ու առաջնորդվելով «ոչ մի թիզ հող թշնամուն» սկզբունքով»,- ասաց Գառնիկի հայրը՝ Արմեն Անտոնյանը:

Ի նշան խաղաղության՝ ներկաները աղավնիներ բաց թողեցինք երկինք։

Հերոսի տան բակում խոսք ասաց նաև զինկոմիսարը՝ խոնարհվելով բոլոր այն մայրերի առաջ, որոնք առյուծածին որդիներ են բերել. «Որդիներ, որոնց արյան գնով հայրենիք ենք պահել: Հողը, որի վրա հայ զինվորի արյուն է թափվել, չի կարող թշնամունը լինել»:

Համար 136 միջնակարգ դպրոցի տնօրեն Լ. Դավթյանն էլ, որտեղ սովորել է Գառնիկ Անտոնյանը, նշեց, որ Գառնիկն առանձնանում էր իր մարդ տեսակով, համեստությամբ եւ բարության յուրահատուկ կերպարով. «Գառնիկը վեհ արժեքների, ազգային ու հայրենական գաղափարների կրող էր»:

Comment here