ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Հրետանավորը» գրքի շնորհանդեսը

Խաչիկ Պողոսյան

«Մարտական ծառայության» մեդալակիր, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, ԵՊՀ ուսանող Խաչիկ Պողոսյանի հարազատները, բարեկամները, ընկերներն ու պարզապես նրան ճանաչողները հավաքվել էին Երևանի պետական համալսարանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում՝ նշելու անպարտ հրետանավորին նվիրված «Հրետանավորը» գրքի շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա էր նաև Մայր բուհի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: ԵՊՀ ռեկտորն իր խոսքում նշեց, որ այսօրինակ յուրաքանչյուր միջոցառում հիշեցնում է այն դժնդակ օրերը, սակայն դա մեր իրականությունն է:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին հերոսի կենսագրությունն ու անցած ուղին: Վերհիշեցին նրա կատարած սխրանքները, նրա դեմքն ու դիմագիծն ամբողջացնող պատմություններ: Ներկաները հիշեցին հայրենիքի նվիրյալ զավակին, այն, թե ինչպիսի մարդ էր Խաչիկը, ինչպիսի ուսանող, ընկեր, հայորդի…

Գիրքը փաստագրական տվյալների ժողովածու է, Խաչիկի զոհվելուց հետո իր մասին բոլոր հոդվածները, հիշողությունները, հուշերն ու պատմությունները հավաքագրված են մեկ ամբողջական գրքում, որը կազմել է նրա մայրը՝ Նարինե Հարությունյանը:

Նարինե Հարությունյանը նաև ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի՝ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ է: Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ ընդունելության ժամանակ Խաչիկը հայտում լրացրել է միայն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը. «Դպրոցական տարիներին ուսումնասիրել էր նաև պարսկերեն: Ասում էինք՝ եթե չընդունվես իրավաբանության ֆակուլտետ, գոնե իրանագիտություն կսովորես, բայց պնդում էր, որ եթե չընդունվի, նորից կփորձի. ոչ մի կերպ չկարողացանք համոզել: Շատ էր սիրում իր մասնագիտությունը»,- ասաց Ն. Հարությունյանը:

Հպարտությամբ պատմելով որդու մասին՝ մայրը նշեց, որ ցավը շատ մեծ է, բայց ցանկանում է, որ բոլոր մայրերը սրբեն իրենց արցունքներն ու գլուխները բարձր քայլեն:

Գիրքը խմբագրել է ԵՊՀ դասախոս, բ. գ. թ. Մերի Հովհաննիսյանը: Վերջինս իր խոսքում  նշեց. «Գիրքն ամբողջացնում է անպարտ հրետանավոր Խաչիկի կերպարը: Բոլոր դրվագներում Խաչիկն առանձնանում է իր մարդկային տեսակով ու հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրումով: Մեծ հուզմունքով եմ կատարել խմբագրական աշխատանքը: Այսպիսի գրքերը սովորեցնում են սիրել հայրենիքը: Ես շատ եմ ուզում, որ այս գիրքը դառնա ոչ միայն հայրենիքը սիրելու պատգամ, այլև օգնի հետագա սերունդներին կրթելու և դաստիարակելու գործում»:

Միջոցառման ընթացքում հնչեցին Խաչիկին նվիրված բանաստեղծություն, երաժշտական կատարում, ներկաները կիսեցին իրենց հուշերը՝ կապված Խաչիկի հետ:

Հավելենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում, չճշտված տվյալներով, համալսարանից եղել է 55 զոհ, չճշտված, քանի որ կան անհետ կորածներ: