ԳլխավորԼուրՀայաստանս

Հողը սիրելով են պահում. Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է

Լեոնիդ Ազգալդյան

Այսօր Արցախյան առաջին ազատամարտի հերոս, ֆիզիկոս, ռազմական գործիչ Լեոնիդ Ազգալդյանի (22.11.1942-21.06.1992) ծննդյան օրն է:

Արցախյան շարժման առաջին իսկ օրերից մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին: 1990 թվականի փետրվարից ղեկավարել է «Անկախության բանակը» կազմակերպությունը, 1991-ի հունիսին ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը։

Մասնակցել է Վարդենիսի, Գետաշենի, Շահումյանի, Մարտակերտի ինքնապաշտպանական մարտերին։ 

«Զինվորին չի կարելի հենց այնպես զոհաբերել, ինչ է թե հողակտոր ես ազատագրում: Բոլոր նախագծերը, հարձակումները, պաշտպանությունները կառուցեք այնպես, որ հնարավորինս զոհ չլինի»,- ասում էր Ազգալդյանը։

Շեշտում էր. «Սխալ են ասում, երբ ասում են հողը արյունով են պահում. հողը սիրելով են պահում»,- ու Արցախի մասին միշտ նշում. «Սա Հայաստան է, եւ վերջ»։

«Երբ երիտասարդ տղաներ են գալիս ու ասում, որ եկել են Արցախի համար զոհվելու, ես նրանց չեմ ընդունում, մեզ պետք են Արցախի համար կռվողներ ու հաղթողներ… Այս տարածքները, որ մենք ազատագրում ենք, էլ ավելի մեծ նշանակություն ունեն, քան մենք պատկերացնում ենք կամ կարող ենք պատկերացնել։ Ցանկացած ազգ, որ հող կհանձնի` դատապարտված է կործանման». կրկին Ազգալդյանի խոսքերն են։

Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ Արցախում 27 բնակավայր է ազատագրվել: Այդ ընթացքում վեց մարդ է միայն զոհվել, յոթերորդն ինքն էր՝ 1992 թվականի հունիսի 21-ին՝ Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ:

Մարմինն ամփոփված է Երևանի Կենտրոնական գերեզմանատանը:

2019 թվականի օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի կապակցությամբ Լեոնիդ Ազգալդյանին հետմահու շնորհվել է Արցախի հերոսի կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան։

Ավելի վաղ, կրկին հետմահու, պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:

Comment here