ԼուրԿրթություն

ՀՀ և ՌԴ նախարարությունների ներկայացուցիչները Հայ-Ռուսական համալսարանի գիտխորհրդին են ներկայացրել նորընտիր ռեկտորին

Հայ-Ռուսական համալսարանում այսօր կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի, ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլևսկու և երկու գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհրդի անդամների հետ։

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը և ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարի տեղակալը ներկայացրել են գիտխորհրդի անդամներին ՀՌՀ-ի նորընտիր ռեկտոր Էդվարդ Սանդոյանին։

Բացի այդ՝ գիտխորհրդի ընթացքում քննարկվել են ՀՌՀ-ի ընթացիկ գործունեության հետ կապված հարցերը, ընդգծվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարության հետ սերտ համագործակցության կարևորությունը, նախանշվել են բուհի հետագա զարգացմանն ուղղված ծրագրերը։

Մինչև հանդիպումը Հայ-Ռուսական համալսարանի հյուրերը շրջայց են կատարել համալսարանի տարածքով (սպորտային համալիր, Արևելագիտության ինստիտուտ, լաբորատորիաներ, նոր մասնաշենք և այլն)։

Հիշեցնենք, որ ՀՌՀ-ի պրոֆեսորադասախոսական, վարչական կազմերից և ուսանողներից ընտրված պատվիրակները փակ գաղտնի քվեարկությամբ (216 կողմ և 147 դեմ ձայների հարաբերակցությամբ) ռեկտորի պաշտոնում ընտրել էին պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանին։ Այնուհետև Ռուսաստանի կրթության և գիտության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին հայտնել էր, որ Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել բազմաթիվ ընթացակարգային խախտումների պատճառով: Դրանից օրեր անց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում ստորագրեցին Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի պաշտոնում նշանակելու համատեղ հրաման։ Ռեկտորի պաշտոնում նշանակվել է համալսարանի ընդհանուր ժողովին ընտրված թեկնածուն՝ Էդուարդ Սանդոյանը։