Usanogh.am-ի բլից հարցուպատասխանը՝ «Ծովահենը» թրիլեր-դրամայի հեղինակ, սցենարիստ Հասմիկ Կարապետյանի հետ։
– Ի՞նչն է խանգարում ավելի շատ գրել։
– Լռությունը։ Սիրում եմ աղմուկի մեջ մտածել։
– Կա՞ ֆիլմ, որը կարող եք ամիսը մեկ նայել։
– Պաշտելի Տարանտինոյի «Քրեական ընթերցվածք» ֆիլմը։
– Ձեր ամենաչհավանած գրական ստեղծագործությունը։
– «Ներարկոմա» պատմվածքս, որը (ի զարմանս ինձ) հավանել էին ընթերցողները և տպագրվել էր «Վարդանանք» թերթում։
– Ո՞ր երկրաչափական մարմինն եք հիշում՝ հակակրելի մարդ տեսնելիս։
– Կլոր։ Բոլոր «չսիրելիներն» են կլոր։
– Ի՞նչ գույն ունի տխրությունը, ինչպիսի ձեւ՝ ուրախությունը։
– Տխրությունը` բոլոր վառ գույները, ուրախությունը` անգույնը։
– Ամենասիրելի բանաստեղծը, արձակագիրը, կոմպոզիտորն ու նկարիչը։
– Մայակովսկի, Սոլժենիցին, Բեթհովեն, Մալեւիչ։
– Չսիրած ուտելի՞ք։
– Մսային կերակուրները։
– Անսովոր կամ ծիծաղաշարժ ի՞նչ դեպք կհիշեք ձեր կյանքից։
– Երբ փոքր ժամանակ ծնողներս ծեծելով ` ինձ հայկական պարի դասընթացների էին տանում։
– Կախարդական փայտիկ ունենալու դեպքում՝ ձեր առաջին ցանկությունը։
– Ունենալ երկրորդ կախարդական փայտիկը։
– Սերը պարզապես քիմիա է, թե…
– Քիմիան սուտ է։ Սերը ապրում է միայն միմյանց հանդեպ փոխըմբռնման և վստահության դեպքում։
– Մի հարց՝ ինքներդ ձեզ։
– Հարց` Հասմիկ, ի՞նչ դաս քաղեցիր այ մեկ տարվա ընթացքում։
– Պատասխան` Բարություն արա և ջուրը գցիր, վստահիր քո ուժերին, բառապաշարիցդ հանիր «չեմ կարող» արտահայտությունը։
– Ձեր կենցաղը՝ մի քանի բառով։
– Քրտնաջան աշխատանք` համակարգչի դիմաց։
– «Մեծական» խորհուրդ՝ նոր-նոր սկսող պատանի գրողներին։
– Սիրելիներս, չգրեք ձեզ համար։ Հիշեք` դուք պատասխանատու եք ձեր գրածի և մտքերի համար։ Հեղափոխությունները սկսվել են գաղափարներից և մտքերից։