ԳլխավորԼուրԿրթություն

Հայաստանում նախատեսվում է բացել ռուսական 4 դպրոց

Ռուսաստանը ԱՊՀ երկրներում ռուսական դպրոցների կառուցման ծրագիր է իրականացնում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի լուսավորության փոխնախարար Դենիս Գրիբովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նախատեսվում է ռուսական 4 դպրոց բացել Հայաստանում:

«Համաձայնագիր է կնքվել Ղրղըզստանում 9 և Հայաստանում 4 դպրոցի շինարարության վերաբերյալ։ Առանձին ոլորտ է պետական-մասնավոր համագործակցության ձևաչափով կրթական կազմակերպությունների բացումը ռուսական կրթական չափորոշիչների վրա հիմնված կրթական գծով»,- ասել է Գրիբովը:

Բացի այդ, նշվում է, որ մանկավարժական համալսարանների հետ միասին այս կրթական կազմակերպությունների համար կմշակվեն հարմարեցված ծրագրեր և տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան առավելագույնս արդյունավետ կիրառել ռուսական լավագույն փորձը՝ հաշվի առնելով տեղական մտավոր, մշակութային և կրթական առանձնահատկությունները, ինչպես նաև հաշվի առնելով դպրոցականների պատրաստման մակարդակը։

Հիշեցնենք, որ Հայաստանում ռուսերենով ուսուցում է իրականացվում 3 դպրոցում։ Երևանում ՌԴ ՊՆ թիվ 21 հիմնական դպրոցում ընդունելությունն իրականացվում է միայն ՌԴ զինծառայողների և դիվանագետների երեխաների համար, իսկ Գյումրու թիվ 19 ռուսական դպրոցում սովորում են ՌԴ զինծառայողների երեխաները, սակայն այդտեղ կրթություն ստանալու հնարավորություն ունի ՌԴ ցանկացած քաղաքացու երեխա։ Երրորդն Արտաշատի սահմանապահ զորամասի դպրոցն է։

Հայաստանի 1400 դպրոցներից 63-ում իրականացվում է ռուսերենով խորացված ուսուցում, որից 33-ը` Երևանում, 30-ը՝ մարզերում: