ԳլխավորԽճանկար

Չեռնոբիլ. թվեր, առասպելներ եւ իրականություն. ՏԵՍԱՆՅՈւԹ

1986 թվականի ապրիլի 26-ի գիշերը Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարը պատմության մեջ ամենամեծ ատոմային աղետն էր ինչպես զոհերի քանակով, այնպես էլ տնտեսական վնասի չափով։

Աղետի անմիջական զոհերի թիվը 31 է (ատոմակայանի աշխատակիցներ, հրշեջներ, միլիցիոներներ, զինվորականներ), ովքեր փորձել են ինչ-որ կերպ մեղմել հետեւանքները։ Առաջին զոհը N2 ռեակտորային արտադրամասի ավագ օպերատոր Վալերի Խոդեմչուկն է, ով մահացել է պայթյունի ժամանակ։ Մարմինը չի գտնվել։

Ըստ պաշտոնական տվյալների՝ աղետի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցել է 526 250 մարդ (այդ թվում՝ ավելի քան 3 հազար հայ, որոնցից 1500-ը հաշմանդամ են դարձել, մյուսների մոտ արձանագրվել են ֆիզիկական եւ հոգեկան խեղումներ)։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ աղետի հետեւանքների վերացմանը մասնակցել է 600 հազարից մինչեւ 1 մլն մարդ, նրանցից 25 հազարը մահացել է մինչեւ 1994 թվականը։ Մահացածների ընդհանուր թիվ նշվում է 60-100 հազար, հաշմանդամներինը՝ 165 հազար։ Քաղցկեղով հիվանդների թիվը աղետի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցածների մեջ 4 անգամ գերազանցում է տվյալ երկրի վիճակագրական տվյալներին։

Չորրորդ էներգաբլոկում տեղի ունեցած պայթյունի եւ դրան հետեւած տեղանքի ռադիոակտիվ աղտոտման պատճառով ամբողջովին տարհանվեց Պրիպյատ քաղաքը, իսկ ԱԷԿ-ի շուրջը ստեղծվեց 30 կմ-ոց օտարման գոտի։

Ավելի ուշ սահմանափակ հասանելիություն տրվեց էքստրեմալ զբոսաշրջության սիրահարներին, որոնց թիվը տարեց տարի ավելանում է, քանի որ Չեռնոբիլը համարվում է աշխարհի ամենասարսափելի վայրերից մեկը։

Իսկ այդ գոտու ամենասարսափելի տեղերից է բժշկասանիտարական N126 մասն իր նկուղային շինությամբ։ Այդտեղ են մինչ օրս գտնվում առաջինը դեպքի վայր հասած եւ ռադիոակտիվ ամենաուժեղ հարվածը ստացած մոտ 40 հրշեջների անձնական իրերն ու համազգեստները։ Նրանց մի մասը մահացել է վթարից հետո 2 շաբաթվա ընթացքում։ Նկուղի մուտքը ծածկել են հողով, սակայն գտնվում են մարդիկ, ովքեր ուղիներ են գտնում սարսափելի նկուղում հայտնվելու համար։ Եվ հայտնի չէ, թե հետո ինչ է լինում նրանց հետ, չէ որ այդտեղ ռադիոակտիվ ֆոնը գերազանցում է թույլատրելի նորման հարյուրավոր անգամներ։

Աղետի վայրի մոտակա մոտ 200 քառակուսի կմ տարածքով անտառը վթարից տառացիորեն րոպեներ անց դարձել է կարմրաշիկավուն եւ ոչնչացել ռադիացիայի հետեւանքով։ Հաճախ նշվում է, որ այդ տարածքում կամ ոչինչ չի աճում, կամ տարօրինակ բուսականություն է տարածվում, օրինակ՝ հսկայական սնկեր։ Իրականում այժմ այնտեղ նոր եւ սովորական կանաչ անտառ է ձեւավորվում։

Օտարման գոտու առասպելներից են նաեւ վիթխարի սոմ ձկները, որոնք սակայն նաեւ ոչ ռադիոակտիվ եւ բարենպաստ պայմաններում աճում եւ հասնում են մինչեւ 2.5-3 մ-ի, ինչպես նաեւ մուտացիայի ենթարկված կենդանիները, որոնց վերաբերյալ նկարներն ու տեսանյութերը հեղեղել են համացանցը։

Բայց որեւէ ապացույց չի ներկայացվում, որ դրանք արված են հենց Չեռնոբիլում։

Ի դեպ, օտարման գոտում կենդանական աշխարհն աղետից մի քանի տարի անց վերականգնվել է, ակտիվորեն աճում եւ բազմանում է, ու դեռեւս նրանց մեջ չեն նկատվել անգլուխ եղջերուներ կամ մարդու դեմքով վարազներ։

Միակ հաստատագրված փաստը ալբինոս կենդանիներն են, որոնք այդտեղ ավելի հաճախ են հանդիպում, քան այլ վայրերում։

Իրականություն է նաեւ այն, որ Պրիպյատ քաղաքի եւ շրջակայքի միակ տերերը այժմ կենդանիներն են։

Usanogh.am

Ըստ համացանցի բաց աղբյուրների

Comment here