«Մեր դպրոցի աշակերտները դարձել են ավելի ցրված, մոռացկոտ, անհանգիստ, ավելի քիչ ընկալունակ նոր տեղեկատվության նկատմամբ և ընդհանրապես անտարբեր են այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է իրենց շուրջը։ Դասերի ժամանակ նրանք ավելի քիչ եռանդուն և աշխույժ են, քանի որ մեր օրերում պատշաճ սնունդ չեն ստանում»,- ասում է Ստեփանակերտի դպրոցի պատմության ուսուցչուհի 35-ամյա Մարինան:
Նշենք, որ գազամատակարարման ընդհատումներով պայմանավորված՝ 2023-ի հունվարի 18-30-ը Արցախում ընդհանրապես չեն գործել բոլոր 118 դպրոցները՝ շուրջ 20,000 երեխայի զրկելով կրթություն ստանալու իրավունքից, իսկ փետրվարի 7-20-ը դադարեցվել է գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների, արտադպրոցական և նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը: Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին վերջին զեկույցից:
Ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով առաջացած անորոշություններով ու սպառնալիքներով պայմանավորված՝ երեխաների մոտ համատարած կերպով նկատվում է կրթության հանդեպ ուշադրության ու ընկալունակության նվազում, որը երկարաժամկետ կտրվածքում բացասաբար է անդրադառնալու նրանց զարգացման վրա, նշված է զեկույցում:
«Մենք նաև բաժանված ընտանիքների երեխաներ ունենք, նրանք ենթարկվում են դեպրեսիայի և սթրեսի: Իմ դասարանում կա 12-ամյա Լուսինեն, ում հայրը զոհվել է 2020-ի պատերազմում, իսկ մայրը հիմա մնացել է Երևանում՝ հետ գալու հնարավորություն չունի։ Նա մնում է հիվանդ տատիկի մոտ և հաճախ ստիպված է լինում խնամել նրան ու տան պարենը գնել: Օրերս նա լացակումած մոտեցավ ինձ և հարցրեց.
«Ընկեր Մարինա, իսկ եթե մայրս չվերադառնա տուն, կամ ադրբեջանցիները նրան բռնեն ու սպանեն վերադարձի ճանապարհին։ Իսկ եթե ես այլևս չտեսնեմ նրան: Մայրս այն ամենն է, ինչ ես հիմա ունեմ»: Չգիտեի, թե ինչ պատասխանեմ, խեղդվում էի ցավից»,-պատմում է ուսուցչուհին:
Առանձնահատուկ դժվարություններ են ծագել բաժանված ընտանիքների ու հատկապես առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կրթության կազմակերպման հետ կապված, որոնց մի մասը նույնիսկ տևական ժամանակ հրաժարվել է դպրոց հաճախել ընտանիքից հեռու պայմաններում:
Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից փակվել են բոլոր 41 մանկապարտեզները, 56 նախադպրոցական խմբերը, մասնակի է աշխատել 20 երկարօրյա ուսումնական հաստատություն, ինչի հետևանքով 6,828 երեխա այլևս չի կարողացել կրթօջախ հաճախել ընդհանրապես կամ երկարօրյա ռեժիմով՝ զրկվելով համապատասխան խնամք և սնունդ ստանալու հնարավորությունից: Իսկ փետրվարի 23-ից, սննդի ու ջեռուցման խնդիրների լուծման արդյունքում, վերականգնվել են նշված կրթօջախների աշխատանքները:
Էլեկտրամատակարարման և համացանցի խափանումների հետևանքով մեծապես տուժել են նաև տեխնոլոգիական կրթական ծրագրերը, որոնք հիմնականում դադարել են գործելուց:
Հիշեցնենք՝ մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար անջատում է նաև Արցախի գազամատակարարումը։
Արցախում էլեկտամատակարարման հովհարային անջատումներ են, որոշ սննդամթերքներ վաճառվում են կտրոններով։
2023 թ. փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։
Այս որոշումը կատարելու փոխարեն Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
Ճանապարհը շարունակում է փակ մնալ։