ԳլխավորԼուր

Թիվ 130 դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանն անակնկալ արձակուրդ է գնացել

Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոց

Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանը, մանկավարժների համար անակնկալ կերպով, մեկամսյա արձակուրդ է գնացել: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, NEWS.amի հետ զրույցում ասել է դպրոցի փոխտնօրեն Գայանե Գրիգորյանը, որն այս պահին իրականացնում է դպրոցի տնօրենի պարտականությունները: Արձակուրդի մասին նա այսօր է բանավոր կերպով քաղաքապետարանից տեղեկացել, տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարելու մասին էլ է բանավոր տեղեկացել, պաշտոնական գրություն դեռևս չի ստացել:

Փոխտնօրենի խոսքով, դպրոցում դեռևս դասապրոցեսը հունի մեջ չի մտել, բացականեր շատ կան, քանի որ առավոտյան դեռ դպրոցում անորոշ վիճակ էր, տնօրենի արձակուրդի մասին էլ ոչ ոք չգիտեր:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում իրավիճակը լարված էր. աշակերտները դասադուլ էին իրականացնում, ծնողները՝ բողոքի ակցիա: Նրանք դժգոհում էին այն մեթոդներից, որոնցով տնօրենը շուրջ 1.5 տարի ղեկավարում է դպրոցը: