Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում այսօր տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ 2025 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսը:
Ուսուցիչների վարձատրության համատեքստում նախարարն անդրադարձել է կամավոր ատեստավորման գործընթացին.
«Բողոքարկման արդյունքներն արդեն անփոփոխ են. նախորդ տարվա արդյունքները ներառյալ՝ ավելի քան 9600 ուսուցիչներ հաջողությամբ անցել են ատեստավորումը: Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչները կազմում են ուսուցիչների շուրջ 31%-ը, այսինքն՝ ամեն երրորդ ուսուցիչն անցել է կամավոր ատեստավորում։ Սա շատ լավ ցուցանիշ է և ցույց է տալիս, որ կամավոր ատեստավորման համակարգն ամբողջությամբ կայացել է և շարունակում է զարգանալ»,- ասել է նախարարը և հավելել՝ 2025 թվականին կամավոր ատեստավորում անցած ուսուցիչները բարձրացված վարձատրություն կստանան՝ 2026 թ. հունվարից սկսած: Նա հայտնել է, որ համակարգի բարելավման նպատակով շարունակաբար հանդիպումներ են տեղի ունենում ուսուցիչների հետ:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կարևոր ցուցիչ է նաև հանրակրթության համակարգ մուտք գործած նոր ուսուցիչների թիվը, որը վկայում է Կառավարության քաղաքականության արդյունավետության մասին։ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ 2024 թվականին և 2025 թվականի առաջին կիսամյակում դպրոց է մուտք գործել ավելի քան 4000 նոր ուսուցիչ. նրանց շուրջ 80 տոկոսը մինչև 45 տարեկան անձինք են։
«Սա ցույց է տալիս, որ ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացմանն ուղղված Կառավարության քաղաքականությունը տալիս է կոնկրետ արդյունք։ Մարդիկ, որոնք նախկինում գուցե չէին մտածում դասավանդման մասին կամ իրենց փորձում էին այլ ոլորտներում, այսօր վերադառնում են դպրոց կամ առաջին անգամ մուտք են գործում համակարգ՝ համալրելով մեր ուսուցչական համակազմը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով այդ աշխատանքի համար։
Ասուլիսի ընթացքում նախարարն անդրադարձել է նաև այլ հարցերի։




