ԳլխավորԼուր

Մեկնարկել է ձմեռային զորակոչը. նախարարն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանի և զորակոչի գործընթացում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, հայտնում են ՊՆ-ից:

Պաշտպանության նախարարը շրջել է հավաքակայանում, ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին, զրուցել զորակոչիկների հետ՝ մաղթելով նրանց բարի և անվտանգ ծառայություն:

Սուրեն Պապիկյանին զեկուցել են նախապատրաստական աշխատանքների, զինակոչիկների բժշկական հետազոտության և այլ միջոցառումների կատարման վերաբերյալ:

Նախարար Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին՝ գործընթացը պատշաճ անցկացնելու համար:

Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 18-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն` Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2026 թվականի հունվարից կտևի ոչ թե 24, այլ 18 ամիս։

ՀՀ զինված ուժերի համալրման ժամկետ է սահմանվել 2026 թ հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2026 թ. հունվարի 8-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews