Ավելի լուրջԳլխավորԽոսք

Հաղթանակի կորցրած օրը

Ճարտար, Արցախ

Խոսքը կորցրել է արժեքը, խոսքը իմաստախեղվել կամ իսպառ իմաստազրկվել է։ Ու նաեւ դրանից դադարել ենք հասկանալուց թե միմյանց, թե ուրիշներին, նույնիսկ՝ ինքներս մեր ներքին, ոմանք էլ՝ խղճի ձայնին։

Չհասկանալուց մինչեւ չհավատալը 29 վայրկյան է, չհավատալուց մինչեւ պարտություն ու հուսալքություն՝ 44 դար։  Մենք աղմկոտ ենք այնքան, որ «սա էլ է մեզ շատ»-ից մինչեւ «մեզ պես ընտրյալ չկա»-ն՝ էլի բառերի ու խոսքերի հեղեղ է ամենուրեք՝ ավտոբուսի կիսասափրված վարորդի պապիրոսամխ ու կիսածռված բերանից մինչեւ «բանտիկ» շրթունքներով ծյոծի այֆոնից հորդացող ընկերուհիաբամբասանքը։

Ու մենք թվականներից 20-ին չէ, որ պարտվեցինք, դա ընդամենը հանրագումարն էր մեր մեծամիտ ու սնապարծ ծուլության, մեր վաշխառու, սպառող ու չարչի տեսակի, որը խժռեց էն մաքուրն ու վեհը, որ անկախ դարավոր վայրիվերումներից՝ կայծկլտում է մեկ Չարենցի տողերում ու Սարյանի արեւի մեջ, մերթ սահյանական հողաբույր ցողի փայլում ու մաթեւոսյանական ծմակի խոնավության մեջ, մերթ ջահը ձեռքին Ծիծեռնակաբերդ գնացող պատանու աչքերում, դիրքապահ տղայի նամակ ստացած ժպիտի մեջ ու երթի ժամանակ ինքնամոռաց երգող աղջկա ծածանվող վարսերին, մերթ պապ ու թոռան ամուր-ամուր բռնած ձեռքերում ու սիրահար զույգի իրար քնքուշ հպվածության մեջ։

…Խոսքն այս ինչքան ու ինչպես է ծռմռվել… «Հայրենիք»-ը դադարել է ամենա-ամենա լինելուց, «հպարտ»-ը լոկ քարոզչական-սիրաշահող տառախումբ է, «սեր»-ը պարփակվել է մի բաժակ օղու կամ մի օգտագործման թմրանյութի մեջ, «դավաճանություն»-ը առօրեական-միքանիհարյուր դոլարանոց արարք է, դե իսկ «ատելություն»-ը դարձել է իր նմանին ու ազգակցին, այլ ոչ թշնամուն ուղղված զգացողություն։ Նույնիսկ «թշնամի»-ն որ պարզ էր արդեն քանի դար, հեղհեղուկ ինչ-որ աուրա է ձեռք բերել, որտեղից մինչեւ «բարեկամ» պարտադրում են, որ բան չմնա։

Խոսքը պետք է մաքրել լռությամբ։ Այնպես որ՝ ցածրացրեք գոնե մի քիչ աղմուկի ձայնը, որ կարողանանք վերջապես արթնանալ։

ԱՐԾՐՈւՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ