ԳլխավորԼուր

2021-ին ՀՀ թանգարանները սպասարկել են շուրջ 1 մլն այցելուի

2022 թվականին Թանգարանների միջազգային օրն անցկացվում է «Թանգարանների ուժը» խորագրի ներքո: Տոնական միջոցառումները մեկնարկում են Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, և կշարունակվեն մայիսի 21-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմամբ, որին միացել են Հայաստանի և Արցախի 125 թանգարաններ:

Սերգեյ Փարաջանովի թանգարանում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է թանգարանների ոլորտի բոլոր աշխատակիցներին՝ մաղթելով անսպառ եռանդ, լավատեսություն և նորանոր ձեռքբերումներ: Նախարարի տեղակալը հիշեցրել է, որ Թանգարանների միջազգային օրը նշվում է մայիսի 18-ին, իսկ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը՝ մայիսի 21-ին: Այդ օրերին թանգարանների մուտքն անվճար է:

«Մայիսի 18-ը պատեհ առիթ է կարևորելու թանգարանների դերը՝ որպես նոր գիտելիքներով հարստանալու, ազգային արժեքներին հաղորդակցվելու հնարավորություն: Շուրջ երկու տասնամյակ է, որ Հայաստանը միացել է համաեվրոպական նախաձեռնությանը: Տոնի շրջանակում թանգարանները պատրաստել են բազմաբովանդակ միջոցառումներ՝ 122 մշտական և ժամանակավոր ցուցադրություններ, 30 կրթական, շուրջ 40 համերգային և 124 մշակութային ծրագրեր»,- տեղեկացրել է նախարարի տեղակալը:

Անդրադառնալով 2021 թվականին թանգարանների ոլորտում կատարած աշխատանքներին՝ Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է, որ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանները սպասարկել են շուրջ 1 մլն այցելուի, ընդունել են 210 հազար աշակերտի, ֆոնդերը համալրվել են 10 հազարից ավելի նմուշներով, իրականացվել են ավելի քան 2000 գիտակրթական ծրագրեր: Այդ ժամանակահատվածում մոտ 1 մլրդ դրամ պետական բյուջեից տրամադրվել է Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի օդափոխման համակարգերի արդիականացմանը:

«Այս ոլորտում նաև տրամադրվում են դրամաշնորհներ կրթական, մշակութային տարբեր ծրագրերի, ցուցադրությունների և այլ միջոցառումների կազմակերպման համար: 2022 թվականին պետական բյուջեից 50 մլն դրամ ուղղվել է նման ծրագրերի իրագործմանը: Մինչև հունիսի 3-ը դրամաշնորհներին դիմելու հայտերը բաց են»,- հայտնել է նախարարի տեղակալը:

Ալֆրեդ Քոչարյանը խոսել է նաև թանգարանային ոլորտի խնդիրներից. հատկապես հրատապ են միասնական տոմսային տնտեսության արդիականացման հարցը, որն այցելուներին հնարավորություն կտա առցանց ձեռք բերելու բոլոր թանգարանների տոմսերը, թանգարանները վերականգնելու, վերանորոգելու, արդիականացնելու և 21-րդ դարի պահանջներին համապատասխանեցնելու խնդիրը: Նախարարի տեղակալի ընդգծմամբ՝ այս և մնացած խնդիրների լուծման ուղղությամբ տարվում են հետևողական աշխատանքներ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, խոսելով Թանգարանների միջազգային օրվա «Թանգարանների ուժը» խորագրի մասին, նշել է, որ այն առաջարկում է բացահայտել թանգարանների ներուժը երեք առանցքային միտումների համատեքստում՝ կայուն զարգացում, նորարարական-տեխնոլոգիական հասանելիություն և շարունակական կրթություն՝ որպես կարևորագույն գործոններ համայնքների զարգացման և քաղաքացիական հասարակության ձևավորման շուրջ:

«Կարծում եմ՝ սա հատկապես կարևոր է հետքովիդյան շրջանում, երբ թանգարանները նորովի բացահայտեցին իրենց ներուժը, և թվային տեխնոլոգիաների ներդրումն ու արդիականացումն ասես հրատապ դարձան, օժանդակեցին հավաքածուների բացահայտմանը»,- նշել է Աստղիկ Մարաբյանն ու հիշեցրել, որ մայիսի 18-ին թանգարաններն անվճար կհյուրընկալեն այցելուներին աշխատանքային ժամերին, իսկ մայիսի 21-ին՝ 11:00-ից մինչ կեսգիշեր:

Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, շնորհավորելով գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ, նկատել է, որ այս տարի Թանգարանների միջազգային օրվան, «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը միացած 125 թանգարանների և Եղիշե Չարենցի 125-ամյա հոբելյանը խորհրդանշորեն զուգադիպում են: Տնօրենի տեղեկացմամբ՝ հոբելյանական տարվան ընդառաջ և այս տարի թանգարանն իրականացրել և իրականացնում է տարաբնույթ մի շարք միջոցառումներ: Թանգարանների միջազգային օրվա շրջանակում Եղիշե Չարենցի տուն-թանգարանը կարևորել է միջմշակութային համագործակցությունը տարբեր հաստատությունների հետ:

Ամբողջությամբ՝ այստեղ։