ԳլխավորԼուր

Համագործակցության պայմանագիր՝ ԵՊՀ-ի եւ ՌԱՀ-ի միջեւ

Պայմանգիր՝ ԵՊՀ-ի եւ ՌԱՀ-ի միջեւ

ԵՊՀ-ի և ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի միջև այսօր կնքվել է համագործակցության պայմանագիր՝ նպատակ ունենալով հաստատելու երկկողմ գործունեություն կրթության, գիտական և ուսումնամանկավարժական ոլորտներում, տեղեկացնում են բուհի լրատվական ծառայությունից:

Երկու բուհերի միջև համագործակցության հաստատման համար ԵՊՀ-ում այսօր հյուրընկալվել էին ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պատվիրակությունը՝ ի դեմս պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանի:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՊՆ ռազմական կրթության վարչության պետ Արծրուն Հովհաննիսյանը, ԵՊՀ պրոռեկտորներ Ռաֆայել Բարխուդարյանը և Էլինա Ասրիյանը, ինչպես նաև ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Խաչատուր Ներկարարյանը և ֆակուլտետի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ամբիոնի դոցենտ Արմեն Մակարյանը:

Ռաֆայել Բարխուդարյանը փաստեց, որ ԵՊՀ որոշ ֆակուլտետներ տարբեր ձևաչափերով համագործակցել են Պաշտպանության նախարարության հետ: Նրա հավաստմամբ, ԵՊՀ-ն պատրաստ է կրթական և գիտական իր ամբողջ ներուժն ի նպաստ դնել երկրի պաշտպանության գործին:

Դանիել Բալայանը նշեց, որ համագործակցությունն անհրաժեշտություն է, և հույս հայտնեց, որ այն կնպաստի երկու կողմերի գործունեության նոր հաջողությունների գրանցմանը: Խաչատուր Ներկարարյանն էլ փաստեց, որ նման ձևաչափով համագործակցությունը նախադեպային է և հետագայում կարող է դրական օրինակ ծառայել այլ ֆակուլտետների հետ երկկողմ գործունեություն ծավալելու համար:

Արծրուն Հովհաննիսյանն իր խոսքում ասաց, որ ԵՊՀ-ն համագործակցության թանկ և կարևոր գործընկեր է. «Տարբեր ձևաչափերով մեր համագործակցության արդյունքում ստացել ենք միայն դրական արդյունքներ: Մեզ համար պատիվ է Մայր բուհի հետ համագործակցության պայմանագիր ստորագրելը»:

ԵՊՀ-ի և ՌԱՀ-ի միջև հաստատված համագործակցության արդյունքում ՌԱՀ-ի դասախոսական անձնակազմի միջոցով Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի լաբորատորիաներում կազմակերպվելու են պարապմունքներ, ըստ անհրաժեշտության համատեղ կազմվելու է ԵՊՀ ուսանողների ուսումնական խմբերի պարապմունքների ժամանակացույց ՌԱՀ-ի ուսումնական լաբորատորիաներում:

Բացի դրանից, ըստ պայմանագրի, իրականացվելու են համատեղ գիտական հետազոտություններ, տրամադրվելու է աջակցություն անհրաժեշտ ուսումնական և կրթական նյութերի մշակման ու հրատարակման գործընթացում, կազմակերպվելու են հանդիպումներ, մշակութային ու մարզական միջոցառումներ:

Comment here