ԳլխավորԼուր

Ձյան առատ տեղումներ, հոսանքազրկումներ ու երկրաշարժ՝ Լոռու մարզում

Դսեղ 21․03․2025

Անցած գիշեր ձյան առատ տեղումներ են դիտվել Լոռու մարզի ողջ տարածքում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Ձյան ծածկի բարձրությունը մարզում տատանվում է 20-30 սմ սահմաններում։

Արմեն Հովասափյանն էլ գրել է, որ Լոռու մարզին բնական պատուհասները հաջորդում են միմյանց։ Մասնավորապես Ալավերդու (նախկին Թումանյանի շրջան) տարածաշրջանում երեկ գիշերվանից աննախադեպ ձյուն է տեղում (ձնածածկույթը տեղ-տեղ հասել է մինչև 30 սմ), ինչի հետևանքով ստեղծվել է բավականին բարդ արտակարգ իրավիճակ։ Դրա հետ մեկտեղ այսօր առավոտյան՝ 5:15-ին, երկրաշարժ տեղի ունեցավ (մոտ 4 բալ)։

Այս ամենից բացի՝ երեկ ուշ երեկոյան (մոտավորապես գիշերը 1-ից հետո) էլեկտրամատակարարման մասսայական վթարներ են արձանագրվել Ալավերդիում և հարակից գյուղերում (Օձուն, Այգեհատ, Արդվի, Հագվի)։ Երկրաշարժից հետո տարածաշրջանն ամբողջությամբ հոսանքազրկված է։ Ենթադրվում է, որ Վանաձոր-Ալավերդի հատվածում բարձրավոլտ աշտարակ է ընկել։ Պատկերն անմխիթար է նաև ներքին ցանցերում։ Թաց, ծանր ձյան հետևանքով բազմաթիվ ընկած էլեկտրասյուներ կան։

«Ահա այս պայմաններում լեգիտիմ հարց է առաջանում, թե ո՞նց է կազմակերպվելու դպրոցների, մանկապարտեզների և այլ հաստատությունների աշխատանքը, որոնք հիմնականում ջեռուցման կաթսաներով են աշխատում, իսկ դրանք էլ, իրենց հերթին, առանց էլեկտրականության չեն կարող գործել»,-գրել է նա։

Հավելենք, որ ըստ ՆԳՆ փրկարար ծառայության, երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 05:03-ին, էպիկենտրոնը՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս։

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզում 4 բալ, Շիրակի մարզում՝ 3-4 բալ և Արագածոտնի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Լուսանկարում՝ տեսարան Դսեղ գյուղից