ԳլխավորԼուրՀայաստանս

Թումանյանի հիշատակին նվիրված միջոցառումներ Թբիլիսիում

Թումանյանի հիշատակին նվիրված միջոցառումներ Թբիլիսիում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Թբիլիսիում տեղի են ունեցել Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցելու նպատակով Վրաստան է մեկնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը:

Մարտի 23-ին Թբիլիսիում՝ Գ. Լեոնիձեի անվան գրականության թանգարանում բացվել է «Թումանյանը և Թիֆլիսը» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կգործի մինչև ապրիլի 13-ը: Ցուցադրությունը ներկայացնում է թիֆլիսյան կյանքի թումանյանական ընկալումները՝ մարդկային հարաբերություններից մինչև գրական պոռթկումներ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նախարարության և իր անունից ողջունել է ներկաներին Գեորգի Լիոնիձեի անվան գրականության պետական թանգարանի հյուրընկալ հարկի ներքո:

Թումանյանի հիշատակին նվիրված միջոցառումներ Թբիլիսիում

«Այս երեկո հավաքվել ենք մեր խոնարհումը բերելու հանճարեղ բանաստեղծ, հայ և վրաց ժողովուրդների անմնացորդ նվիրյալ, մեծ մարդասեր Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցի առիթով: Այս վայրի ընտրությունը, թերևս, պատահական չէ, քանի որ այս թանգարանի արխիվներում վստահաբար պահպանվում է հարուստ գրական մի ժառանգություն, որի հեղինակներից շատերը Հովհաննես Թումանյանի երբեմնի մտերիմ գրչակից ընկերներն են եղել: Նրանց փոխադարձ ջերմ զգացումների, խոհերի ու զրույցների մասին վկայությունները բազմաթիվ են թե՛ նամակագրության, թե՛ հուշերի նոթագրումների էջերին»,- նշել է նախարարի տեղակալն ու հավելել՝ լինելով խորապես ազգային բանաստեղծ՝ Թումանյանը բացառիկ սիրով է լցված եղել դեպի Վրաստանը, նրա ժողովուրդն ու մշակույթը:

Ալֆրեդ Քոչարյանի դիտարկմամբ՝ հասարակական-քաղաքական ամենաբարդ ժամանակաշրջաններում անգամ Թումանյանն իր ձայնը բարձրացրել է հանուն սթափ դատողության, որոշումների ճիշտ կայացման և խաղաղ համակեցության՝ ցուցաբերելով ազնիվ գործչի իր բացառիկ հոգածությունը բոլորի նկատմամբ: Եվ ինչպես Թումանյանի մասին գրելիս ձևակերպում է Գեորգի Լիոնիձեն՝ մեծ բանաստեղծները պատկանում են բոլոր ժողովուրդներին:

Ցուցահանդեսին ներկա է եղել Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Իրակլի Գիվիաշվիլին, որը ևս հանդես է եկել ելույթով:

Միջոցառումների շրջանակում՝ մարտի 24-ին, Վ. Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում տեղի է ունեցել հիշատակի համերգ․ ելույթ է ունեցել «Գեղարդ» երգեցիկ խումբը՝ թումանյանական խոսքի ու կոմիտասյան երաժշտության համադրությամբ:

Թումանյանի հիշատակին նվիրված միջոցառումներ Թբիլիսիում

Համերգին ներկա են եղել Վրաստանում հավատարմագրված դեսպանները և Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին:

Միջոցառման կազմակերպիչներն են Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը, Հովհ. Թումանյանի թանգարանը (Երևան), «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնը, «Հայարտուն» մշակութային կենտրոնը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը (Երևան):

Հովհաննես Թումանյանի գերեզմանը Թբիլիսիում