ԳլխավորԼուր

Հայաստանի հավաքականի հայտացուցակը Թուրքիայի դեմ խաղում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նախախաղային մարզման ժամանակ (23 մարտի, 2023 թ.)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Թուրքիայի դեմ խաղում։

Հայտացուցակում ներգրավվել են դարպասապահներ Ստանիսլավ Բուչնևը («Փյունիկ»), Արսեն Բեգլարյանը («Ուրարտու») և Արման Ներսեսյանը («ԲԿՄԱ Հայաստան»)։

Պաշտպաններ` Երջանիկ Գուբասարյան («Նոյ»), Վարազդատ Հարոյան («Անորտոսիս», Կիպրոս), Գեորգի Հարությունյան ( «Կրասնոդար» Ռուսաստան), Տարոն Ոսկանյան («Ալաշկերտ»), Էրիկ Փիլոյան («Ուրարտու»), Նաիր Տիկնիզյան («Լոկոմոտիվ», Ռուսաստան), Կամո Հովհաննիսյան («Աստանա», Ղազախստան), Ժիրայր Մարգարյան («Ուրարտու»)։

Կիսապաշտպաններ` Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար», Ռուսաստան), Ուգոչուկվու Իվու («Ուրարտու»), Խորեն Բայրամյան («Ռոստով», Ռուսաստան), Տիգրան Բարսեղյան («Սլովան», Սլովակիա), Էդգար Բաբայան («Ռաններս», Դանիա), Վահան Բիչախչյան («Պոգոն», Լեհաստան), Դավիթ Դավթյան («Փյունիկ»), Կարեն Մուրադյան («Արարատ-Արմենիա»), Լուկաս Սելարայան («Կոլամբուս Կրյու», ԱՄՆ)։

Հարձակվողներ՝ Նորբերտո Բրիասկո Բալեկյան («Բոկա Խունիորս», Արգենտինա), Սարգիս Ադամյան («Քյոլն», Գերմանիա):

Հիշեցնենք` Եվրոպայի 2024 թ. առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի Հայաստան- Թուրքիա հանդիպումը տեղի կունենա այսօր, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, սկիզբը` ժամը 21:00-ին։ Բոլոր տոմսերը վաճառվել են մի քանի օրում (մարզադաշտն ունի ավելի քան 14 հազար տեղ)։

Հայաստանի հավաքականը հանդես է գալիս D խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Խորվաթիայի, Թուրքիայի, Ուելսի և Լատվիայի հավաքականները։

Սա Հայաստանի ու Թուրքիայի հավաքականների երրորդ հանդիպումն է։ Առաջին երկուսը 2010 թ.–ի աշխարհի ֆուտբոլի առաջնության որակավորման փուլում էին։

Առաջին խաղը տեղի ունեցավ Երևանում 2008 թվականի սեպտեմբերին։ Պատասխան խաղը Բուրսայում էր` 2009–ի հոկտեմբերին։ 2 հանդիպումներում էլ ՀՀ հավաքականը պարտվեց 0։2 հաշվով։

Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խաղը դիտում էր Աբդուլա Գյուլի հետ։ Դա Թուրքիայի առաջնորդի առաջին այցն էր Հայաստան։

Ֆուտբոլային իրադարձությունը սկիզբ դրեց հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններին կամ «ֆուտբոլային դիվանագիտությանը»։

Հավելենք, որ 2008-ի Երևանում անցկացված հանդիպման ժամանակ հյուրերի «պատվին» ՀՖՖ-ի տարբերանշանից անհետացավ Արարատ լեռը՝ Հայաստանի խորհրդանիշը, որոշ ժամանակով անջատվեց Ծիծեռնակաբերդի գիշերային լուսավորությունը՝ «վթարային անջատում» պատճառաբանությամբ։