Երևանի պետական համալսարանի Չարենցի անվան դահլիճում մարտի 18-ին տեղի է ունեցել հանդիպում երաժիշտ, երգահան, հաղորդավար, հումորիստ Գարիկ Պապոյանի հետ։ Հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ ՈւԽ արտաքին կապերի հանձնաժողովը, տեղեկացնում են ԵՊՀ լրատվական ծառայությունից։
Գարիկ Պապոյանի հետ հանդիպումն անցավ հարցազրույցի ձևաչափով, այնուհետև ներկաները հնարավորություն ստացան իրենց հուզող հարցերն ուղղելու հյուրին:
Հարցազրույցի սկզբում հնչեցին տարաբնույթ հարցեր երաժշտի մանկության, ուսանողական տարիների, ստեղծագործական ճգնաժամերի մասին:
«Իմ ամենամեծ ստեղծագործական ճգնաժամը պայմանավորված է եղել համավարակով, երբ բոլորս ստիպված էինք տանը մնալ,- մանրամասնեց Գ. Պապոյանը,- այդ ժամանակ ես հասկացա, որ ստեղծագործելու համար շատ կարևոր է նպատակն ու այն իրականացնելու հնարավորությունները»:
Գարիկ Պապոյանն անդրադարձավ նաև իր ստեղծագործական կյանքի հիշարժան պահերին ու նշեց, որ առանձնահատուկ երջանիկ է, որ կյանքում զբաղվում է հենց այն աշխատանքով, որի մասին երկար տարիներ երազել է:
«Կարելի է ասել, որ այժմ ես ունեմ այն ամենը, ինչի մասին երազել եմ մանկուց ու առանձնահատուկ գնահատում եմ, այն որ զբաղվում եմ իմ սիրած գործով»,-ասաց Գարիկ Պապոյանը:
Հարցազրույցի վերջում Գարիկ Պապոյանը նշեց, որ վերջին շրջանում իր ուշադրության կենտրոնում է առողջ սնունդը, ցանկություն հայտնեց հետագայում ավելի լավ ուսումնասիրել հենց այդ ոլորտը:
«Վերջերս ինձ շատ է հետաքրքրում առողջ սննդի պատմությունը,- մանրամասնեց Գարիկ Պապոյանը,- գործնականում ապացուցվում է «You are what you eat» (դու այն ես, ինչ ուտում ես) ասույթի ճշմարտացիությունը»:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։