ԳլխավորԼուր

Փետրվարի 23-ին Բարեկենդան է

Բարեկենդան

Հայ առաքելական եկեղեցին փետրվարի 23-ին նշում է Բարեկենդանը, իսկ փետրվարի 24-ին սկսվում է Մեծ պահքը, որը տեւում է 6 շաբաթ։ Դրան գումարվում է նաեւ Ավագ շաբաթը, ու այդպիսով՝ Մեծ պահքը տեւում է մինչեւ ապրիլի 12-ը՝ Քրիստոսի հարության օրը, երբ նշվում է Սուրբ Զատիկը։

Բարեկենդան (բարի կենդանություն) է կոչվում շաբաթապահքի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները՝ բացի բարու և չարի, գիտության ծառի պտուղից: Ադամն ու Եվան ճաշակեցին այդ պտուղը, ինչի հետևանքով  արտաքսվեցին դրախտից: Պահքի ամենամեծ խորհուրդն այն էր, որ արգելված էր պտուղն ուտելը:

Բուն բարեկենդանը հայոց հնագույն և տարածված տոներից է: Այս տոնը բացի «Բարեկենդան» անունից, ուներ նաև անվանման այլ ձևեր, օրինակ. «Բարիկենանք»՝ Նոր Նախիջևանում, «Փորեկենդան»՝ Ջավախքում, «Պարեկենդանք»՝ Արճակում, «Բըրգինդան»՝ Մեղրիում, «Պարգընդընք»՝ Մուսա Լեռում և այլն:

Բարեկենդանի օրը կազմակերպվում էր զանգվածային խնջույքներ: Այդ օրը վայելում էին առատ ուտելիք, պատրաստում էին ճոխ սեղան, կատարում էին դիմակավոր խաղեր, զբոսանքներ, խրախճանքներ, նշանդրեքի հանդեսներ կազմակերպում և այլն:

Տոնն աչքի էր ընկնում շնորհավորական փոխայցելություններով: Հաճախակի էին խնամախոսությունները, նշանդրեքները և հատկապես՝ հարսանիքները: Վերջինս, ավանդույթի համաձայն, արգելված էր Մեծ պահքի շրջանում:

Տոնի անբաժան մասն էին կազմում ժողովրդական ներկայացումներն ու դիմակավոր խաղերը: Ներկայացումների ժամանակ ծիծաղաշարժ կատակներով քննադատության էին ենթարկվում մեծավորներն ու իշխանավորները: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ, առանց քաշվելու ասում էր իր խոսքը:

Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Յուրաքանչյուրն իր հետ ուտելիք էր բերում, կուշտ ուտում էին ու խմում, քանի որ առջևում յոթշաբաթյա պասն էր: Ամենավերջում ուտում էին մի-մի ձու՝ բերանը «կողպելու» համար, որպեսզի Զատկին դարձյալ ձվով «բանան» այն:

Այսօր՝ Բուն բարեկենդանի նախորդ օրը՝ Երեկոյան ժամերգությանը, վարագույրով ծածկում են եկեղեցու բեմը, որը խորհրդանշում է Ադամի արտաքսումը Դրախտից։

Բեմի վարագույրը բացվում է Ծաղկազարդի (ապրիլի 5-ին) նախորդ երեկոյան ժամերգության ժամանակ։

Comment here