ԳլխավորԼուր

Մահացել է Մանկավարժական համալսարանի դասախոսը

Կյանքից անժամանակ հեռացել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի առաջին տեղակալ, Մանկավարժական համալսարանի Հոգեբանության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, հոգեբանական գիտությունների դոկտոր, գնդապետ Վազգեն Մարգարյանը։

«Կրթությունն ստացել է Խարկովի պետական ավտոճանապարհային տեխնիկական, ապա Երևանի պետական համալսարանում։ Մանկավարժական գործունեությամբ զբաղվել է 1999 թվականից՝ դասավանդելով ինչպես Մանկավարժական համալսարանում, այնպես էլ մեր երկրի տարբեր բուհերում։

2017 թվականից ղեկավարում էր Մանկավարժական համալսարանի Հոգեբանության ամբիոնը, դասախոսություններ կարդում զինվորական հոգեբանության, գործունեության և զինվորական կոլեկտիվի հոգեբանության, պատերազմական իրավիճակում քարոզչության առանձնահատկությունների վերաբերյալ։

Վազգեն Մարգարյանը ոչ միայն մի շարք գիտական հրապարակումների, աշխատությունների, այլև ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչությունում արտոնագրած գյուտերի հեղինակ է:

Մանկավարժական համալսարանն իր խորը վշտակցությունն է հայտնում հոգեբանի, գիտնականի ու սիրված մանկավարժի հարազատներին, մտերիմներին, գործընկերներին և ուսանողներին»,-նշված է համալսարանի հաղորդագրության մեջ:

Comment here