ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի որդու՝ Մխիթար Մարգարյանի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Նախնական վարկածով` ինքնասպանություն է գործել՝ կրակելով ինքն իր վրա։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, և միակ վարկածն ինքնասպանությունն է, որը հաստատվում է ականատեսների վկայություններով ու տարածքում առկա տեսաձայնագրություններով։ Ատրճանակը հայտնաբերվել է, օրինական է, իմ տեղեկություններով` CZ տեսակի ատրճանակն է»,– ասել է Նարեկ Սարգսյանը։
Երեկ ժամը 23-ի մոտակայքում հրազենային վիրավորմամբ Առաջին համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել 1984 թվականի ծնված Մխիթար Մարգարյանը, ով, նախնական տվյալներով, կրակել է իր վրա Երեւանի Փափազյան փողոցում՝ Երիցյանների խանութի մոտ։
41-ամյա Մխիթար Մարգարյանն ամուսնացած էր, ուներ 3 անչափահաս երեխա, արցախյան քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից էր։
Մխիթար Մարգարյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա երկուշաբթի` հոկտեմբերի 27-ին` ժամը 17:00-20:00, «Զոլեր» սգո սրահում (Գրիգոր Հասրաթյան 25/3)
Հուղարկավորությունը` հոկտեմբերի 28-ին` ժամը 13։00-ին, նույն վայրից։







