Ծանր հիվանդությունից հետո այսօր առավոտյան մահացել է իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը։ Փետրվարի 25–ին նա կդառնար 70 տարեկան։
Նրա ֆեյսբուքյան էջում այսօր առավոտյան նրա խնդրանքով հրապարակվել է գրառում, որը վերնագրված էր «Հրաժեշտի խոսք»։ Այդտեղ նշվում է նաև, որ տևական և անբուժելի հիվանդությունից տառապանքները չերկարաձգելու համար Իշխանյանը հրաժարվել էր արհեստական սնուցումից։
Նշենք, որ 1988 թվականի օգոստոսից Ավետիք Իշխանյանը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ է։
1996 թվականին նա հիմնադրել է ու ղեկավարել «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։
Իշխանյանը հայտնի լեզվաբաններ Ռաֆայել Իշխանյանի և Բյուրակն Չերազի որդին է։ Բազմաթիվ գիտական աշխատանքների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։