ԳլխավորԼուր

«Դիմակի տակ քողարկված այդքան թանկ ժպիտներ…»

Դիմակներ, ձեռնոցներ, պաշտպանիչ միջոցներ, ուսուցիչների հետ հանդիպելու, ավարտական վկայականներ ստանալու անսովոր ու բացառիկ պայմաններ․ ՀՊՄՀի հենակետային վարժարանի սաներն այս իրավիճակում ստացան 12-ամյա կրթությունը հավաստող փաստաթղթերը, տեղեկանում են մանկավարժական համալսարանի կայքից։

5 հոսքի 122 աշակերտ այն ավարտում է աննախադեպ՝ արտակարգ դրության պայմաններում։ Այս օրերին վարժարանցիներն իրենց ուսուցիչներին հրաժեշտ տվեցին հեռավար՝ վստահեցնելով, որ մշտապես բարձր կպահեն հարազատ կրթօջախի բարի համբավը։ Միայն ավարտական վկայականը առիթ հանդիսացավ որպես աշակերտ վերջին անգամ լինել վարժարանում և ունենալ հուզառատ, հիշարժան և շատ կարևոր օր։

Վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը խոստովանում է՝ ավարտական վկայական հանձնելն ու հրաժեշտ տալը, չգրկախառնվելը, ժպիտներ և ջերմություն չփոխանցելը դժվար էր պատկերացնել, սակայն երկուստեք փորձել են հաղթահարել․ այդպես էր թելադրում ստեղծված իրավիճակը․

«Դիմակի տակ քողարկված այդքան թանկ ժպիտներ, իրական ջերմություն փոխանցելու ողջ ծանրությունը թողեցինք դիմակից դուրս՝ թաց աչքերի վրա»,-նշեց Նաիրա Սաֆարյանը։

 

Comment here