Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 10 ֆակուլտետների ուսանողներ այցելել են ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան։ Սպարապետի ծննդյան 65-ամյակի առթիվ ուսանողները ծաղիկներ են խոնարհել հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին, մասնակցել օրվան նվիրված միջոցառմանը։
ՀՊՄՀ-ի ուսանողները շրջել են Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանում, ծանոթացել նրա գործունեությանը, նրա մասին պատմող նյութերին ու անձնական իրերին։
«Ուսանողական խորհուրդն ամեն տարի մարտի 5-ին կազմակերպում է ուսումնաճանաչողական այց դեպի տուն-թանգարան, և այն նպատակ ունի ուսանողներին հաղորդել ոչ միայն գիտելիքներ, այլև սերմանել սեր ու հարգանք հայրենիքի նկատմամբ»,-ասել է ՀՊՄՀ ուսանողական խորհրդի քարտուղար Նոնա Խաչատրյանը։
Օրն ամփոփվել է Խոր Վիրապի վանական համալիր այցելությամբ, որի ընթացքում Բանասիրական ֆակուլտետի ուսանողները մասնակիցներին ծանոթացրել են վանական համալիրի հիմնադրման պատմությանը։