ԳլխավորԼուր

Հայտնի է մանկավարժական համալսարանի լավագույն ուսանողը

ՀՊՄՀ 2022 թվականի լավագույն ուսանող Նանե Պետրոսյանցն ու ռեկտոր Սրբուհի Գևորգյանը

Հայկական պետական մանկավարժական համալսարանում հոբելյանական տարին նշանավորվեց «Լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությամբ, հայտնում են բուհի լրատվական ծառայությունից։

ՀՊՄՀ-ի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող մրցույթում այս տարվա հաղթող ճանաչվեց Օտար լեզուների ֆակուլտետի ուսանող Նանե Պետրոսյանցը։

Բուհի տասը ֆակուլտետներից նախապես ընտրվել էին լավագույն ուսանողները, որոնք իրենց հանգիստը կանցկացնեն Վրաստանում։
Հոբելյանական միջոցառումն այս տարի անցկացվեց բուհի Աղավնաձորի ուսումնական բազայում։ Լավագույն աբովյանականներին շնորհավորեց բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը՝ մաղթելով հաջողություններ և ձեռքբերումներ։

«Ձեզնից յուրաքանչյուրն ընտրել է մասնագիտական այն տիրույթը, որի կենտրոնում մատաղ սերնդի դաստիարակությունն ու կրթությունն է, նրանց հետ երկխոսությունը, անձնային որակների ձևավորումը։ Ուսանողն է պայմանավորում բուհի ձեռքբերումները, ապահովում լավագույն ավանդույթների շարունակականությունը»,-նշեց Սրբուհի Գևորգյանն ու մեկդարյա բուհի 100-րդ լավագույններին վստահեցրեց՝ հաջորդ հարյուրամյակում նույնպես շարունակելու են ուսանողակենտրոն քաղաքականությունը։

Մանկավարժականի այս տարվա «Լավագույն ուսանող» Նանե Պետրոսյանցը շնորհակալություն հայտնեց իր ուսուցիչներին և դասախոսներին, որոնց շնորհիվ էլ արժանացավ լավագույնի կոչմանը։

Տոնական ցերեկույթը շարունակվեց ուսանողական դիմակահանդեսով, որին մասնակցում էր բուհի 150 ուսանող․ մրցույթի շրջանակներում նրանք իրենց եռօրյա հանգիստն անցկացրին Աղավնաձորի ուսումնական բազայում։

Նշենք, որ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի «Լավագույն ուսանող»-ը Անի Շահբազյանն է, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետում՝ Սվետլանա Սարգսյանը, Կուլտուրայի ֆակուլտետում՝ Մարիամ Սարգսյանը, Բանասիրական ֆակուլտետում՝ Տաթև Թամրազյանը, Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետում՝ Վարդուհի Վարդանյանը, Գեղարվեստական կրթության ֆակուլտետում՝ Գայանե Մուրադյանը, Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում՝ Մարիամ Ղարիբյանը, Պատմության և հասարակագիտության ֆակուլտետում՝ Ռուզաննա Մուխսյանը, իսկ Սկզբնական կրթության ֆակուլտետում՝ Ջուլիետա Մանուկյանը։