ԳլխավորԼուր

Մանկավարժականի ռադիո «Ֆամա»-ն՝ ուսանողների համար

Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում 2013 թվականին ստեղծվեց ռադիո «Ֆամա»-ն՝ հիմնականում ուսանողների համար։ 2013 թվականի նոյեմբերի 1-ին առաջին անգամ այն հնչեց, ընդ որում՝ ոչ միայն radiofama.am-ի եթերում, այլև համալսարանի բոլոր մասնաշենքերում։ Որպես լրատվական գործունեություն իրականացնող՝ ռադիո «Ֆամա»-ի առաջին հաղորդումները հենց լրատվական էին. ողջ օրվա ընթացքում՝ երեք ժամը մեկ, եթերում է օրվա լուրերի թողարկումը։

Erit.am հետ զրույցում ՀՊՄՀ Լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ, լրագրության ամբիոնի դասախոս Դիանա Մարկոսյանն ասում է, որ «Ֆամա»-ն գործում է  24-ժամյա ռեժիմով և հասանելի է աշխարհի ցանկացած կետում՝ համացանցի միջոցով։

«Այն տեխնիկապես հագեցած է, որն էլ ապահովում է շահագործման արդունավետությունը՝ առցանց հարթակում և բուհի բոլոր մասնաշենքերում՝ առկա լոկալ ձայնային սարքերի միջոցով: Բուհի ռադիոն անդրադառնում է ինչպես համալսարանական առօրյային, ՀՊՄՀ-ի գործունեությանը, առկա խնդիրներին ու ձեռքբերումներին, այնպես էլ, առհասարակ, կրթական համակարգին և երիտասարդներին հուզող հարցերին: Մասնավորապես, «Ֆամա»-ն  ծանոթացնում է ուսանողական և երիտասարդության, մշակութային ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում կատարվող իրադարձություններին ու նորություններին»,-փաստում է Դիանան, որի ղեկավարած վարչությունը համակարգում է բուհի ռադիոյի, կայքի և թերթի, ինչպես նաև հեռուստահաղորդման  աշխատանքները, որը հեռարձակվում է  հանրապետական սփռման 3 հեռուսաալիքով։

Իսկ ի՞նչ է նշանակում «Ֆամա»: Այն հունա-հռոմեական դիցարանի՝ «ամեն ինչ լսող ու ամեն ինչ տեսնող» աստվածուհու անուն է: Դիանան ասում է, որ առաջին համալսարանական ռադիոն, բացի տեղեկատվական կարևորագույն գործառույթից, ունի նաև ոչ պակաս կարևոր առաքելություն․ այն փորձ ձեռք բերելու լավագույն դպրոց և հարթակ է հանդիսանում համալսարանի հեռուստառադիոլրագրության բաժնի ուսանողների համար` նպաստելով ապագա լրագրողների գործնական պատրաստվածությանը։

Լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետի խոսքով՝ այսպիսով, ուսանողները հնարավորություն են ունենում իրենց հաղորդումները և ռեպորտաժները լսել եթերում, մասնակցել դրանց պատրաստմանը, մոնտաժմանն ու թողարկմանը:

«Ուսանողները նոր գաղափարներով և ժամանակակից առաջարկներով ռադիոյի եթերում ապահովում են բազմակարծություն, բազմազանություն և խոսքի ազատություն: Սա իրապես ուսանողական հարթակ է: Ռադիոհաղորդումները մատուցվում են լրագրության գրեթե բոլոր ժանրերով` ռադիոակնարկ, ռադիոզրույց, ռադիոլուր և այլն: Հաղորդումներն իրենց բնույթով շարունակական են։ Օրինակ, Արտյոմ Աղասարյանի հեղինակային «Եվալյուցիա» հաղորդումը, որը բացահայտում է Մանկավարժականի շնորհալի և առանձնահատուկ ուսանողուհիներին, արդեն 7 տարի եթերում է։ Արտյոմն ուսանող էր, երբ սկսեց վարել հաղորդումը․  այսօր նա արդեն ավարտել է բուհը, սակայն շարունակում է վարել իր հեղինակային հաղորդումը»,- պատմում է Դիանան՝ հավելելով, որ այսօրվա ռադիոյի բազմաթիվ ձայներ իրենց մասնագիտական կարիերան սկսել են ռադիո «Ֆամա»-ից։

Ամբողջությամբ՝ Erit.am կայքում։

Comment here