«Վոլոդյայի մտավոր մեծ ներուժն ու մարդկային արտակարգ հատկանիշներն առանձնացնում էին նրան բոլորից։ Մենք վստահ ենք, որ նա կդառնար շատ լավ լրագրող, եթե նրան վիճակված լիներ շարունակելու այդ ուղին։ Վոլոդյա Աբրահամյան․ միշտ ներկա մեր լսարանում, կյանքում և աղոթքներում։ Այսօր, վաղը և միշտ, պատիվ ունենք»․ Մանկավարժական համալսարանում կայացավ «Նրանցից մեկը․ Վոլոդյա Աբրահամյան» տեսաֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի ժամանակ անմահացած հերոսներին
Սեպտեմբերի 13-ի լուսադեմին Իշխանասարում զոհված Վոլոդյան ՀՊՄՀ Լրագրություն բաժնի 1-ին կուրսի ուսանող էր։
Տեսանյութի հեղինակները դասընկերներն են․ նյութում ներկայացված են հարցազրույցներ՝ հերոսին բնութագրող դրվագներով, որոնք ընդգծում են Վոլոդյայի անհատականությունը, արժեքները, որոնք նա կրում էր իր մեջ և որոնցով արժանապատիվ անցավ իր կյանքի ուղին։ Ինչպես նշում են ընկերները՝ թեև հերոսը ֆիզիկապես իրենց հետ չէ, նրա հիշատակն ու գործը միշտ ուղեկցում են կյանքի դժվար պահերին․ երբ մի պահ, փակելով աչքերը, զգում են Վոլոդյայի կարևոր ներկայությունն իրենց կյանքում
Դիտմանը ներկա էին բուհի ղեկավար և դասախոսական կազմը, ընտանիքի անդամներ, ուսանողներ, ընկերներ
Մանկավարժական համալսարանի բակում տեղակայված Արցախյան երրորդ պատերազմում բուհի զոհված ուսանողների հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանի մոտ Տ․ Թովմա քահանա Անդրեասյանը կատարեց Վոլոդյա Աբրահամյանին նվիրված հոգեհանգստի կարգ։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները 2022–ի սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ են վարել հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել։