ԳլխավորԼուր

Կյանքից հեռացել է Մանկավարժականի դասախոսը

Վարուժան Հովհաննիսյան

Կյանքից հեռացել է ՀՊՄՀ Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի պրոֆեսորի պաշտոնակատար, կենսաբանական գիտությունների դոկտոր Վարուժան Հովհաննիսյանը, տեղեկանում ենք բուհի կայքից։

«Վարուժան Հովհաննիսյանը ծնվել է 1952 թվականին։ 1981 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի Կենսաբանության և քիմիայի ֆակուլտետը։

1981-1982 թթ. կենսաբանության ուսուցիչ է աշխատել Մասիսի շրջանի Դարակերտ գյուղի միջնակարգ դպրոցում, 1982-1997 թթ. ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող էր, իսկ 1997 թվականից մինչ օրս աշխատում էր հարազատ բուհում։

Վարուժան Հովհաննիսյանը զբաղվում էր էկոլոգիական կրթության և դաստիարակության հարցերով: Դասավանդում էր հիդրոէկոլոգիա, երկրաէկոլոգիա, կենսոլորտի երկրաքիմիա-երկրաֆիզիկա, Էկոլոգիական ֆիզիոլոգիա, արդյունաբերության էկոլոգիա, բնագիտության ժամանակակից հայեցակարգ, էկոլոգիական փորձագիտություն, բնաօգտագործման կառավարում և այլն։

57 հրատարակված գիտական աշխատանքի՝ 1 գրքի և 1 մեթոդական ձեռնակի հեղինակ էր։

Վարուժան Հովհաննիսյանը վայելում էր պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների սերն ու հարգանքը: Իր մասնագիտական փորձն ու գիտելիքներն անմնացորդ նվիրում էր երիտասարդ սերնդին։

Մանկավարժական համալսարանի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը ցավակցում է Հովհաննիսյանների ընտանիքին՝ Վարուժան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ:

Վաստակաշատ մանկավարժի և գիտնականի հիշատակը վառ կմնա իր գործընկերների և ուսանողների սրտերում»,-նշված է գրառման մեջ: