ԳլխավորԼուր

Չենք կարող սուր շնչառական վարակների պատճառով մի ամբողջ սեզոն փակել դպրոցները. Ավանեսյան

Գրիպ, դպրոց

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց` հնարավոր չէ սուր շնչառական վարակների պատճառով մի ամբողջ սեզոն փակել դպրոցները։

Նշենք, որ հանրապետությունում արդեն տևական ժամանակ է` ՍՇՎ–ներ են տարածվում, ինչը կապված է սեզոնայնության հետ։

«Մենք ամենօրյա մոնիտորինգ ենք իրականացնում թե՛ դպրոցների բացակայությունների, թե՛ առաջնային օղակներ դիմելիության, թե՛ հիվանդանոցների սոմատիկ, վերակենդանացման բաժանմունքներում։ Մենք հստակ ուղեցույցեր ունենք, թե որ դեպքում է պետք անցնել հավելյալ միջոցառումների` զսպելու վարակի բռնկումները։ Երբ ՍՇՎ–ներն ակտիվանում են (նոյեմբեր–մարտ ամիսներին), ստացվում է, որ ամեն տարի կրթական մեկ սեզոն պետք է բաց թողնենք, բայց դա անհնար է ու արդյունավետ չէ»,– նշեց Ավանեսյանը։

Նախարարը հավելեց, որ դպրոցների մասով կա առանձին հնարավորություն, եթե որևէ տեղ երեխաների հիվանդացությունից ելնելով բացակայությունների թիվն աճել է 25%-ից, ապա իրենք կարող են հեռավար դասապրոցեսի անցնել` համաձայնեցնելով կրթական ոլորտը համակարգող գործընկերների հետ։ Նախարարը վստահեցրեց` այս պահին և սրանից առաջ հանրապետությունում չի եղել համաճարակային իրավիճակ, որպեսզի դպրոցներում դասերը հետաձգվեն։