ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 5-7-ը տեղի կունենա Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը, որը կանցկացվի Հայաստանի պատմության թանգարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում (գրքի տոնավաճառը՝ Հանրապետության հրապարակում՝ թանգարանների դիմացի կամարաշարի տակ):
Փառատոնի ծրագրում նախատեսված Է 50 միջոցառում՝ գրքի շնորհանդեսներ, պոեզիայի ընթերցումներ, գրական հանդիպումներ, մասնագիտական քննարկումներ, վարպետության դասեր, գրական մրցանակաբաշխություն: Գրքի երևանյան միջազգային փառատոնին կմասնակցեն անվանի գրողներ, գրաքննադատներ և հրատարակիչներ Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Իտալիայից, Լատվիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Չեխիայից, Հունաստանից, Նիդեռլանդներից, Իրանից, Միացյալ Նահանգներից:
Գրքի երևանյան միջազգային փառատոնն ընդլայնում է աշխարհագրությունը՝ սեպտեմբերի 28-ին այցելելով Գյումրի, հոկտեմբերի 4-ին՝ Կապան:
Գրքի տոնավաճառին կմասնակցեն 50-ից ավելի հրատարակչություններ, գրավաճառներ, թանգարաններ, գրադարաններ, կրթամշակութային հաստատություններ՝ իրենց արտադրանքը վաճառելով 20-50 % զեղչով։
Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին, Հայաստանի պատմության թանգարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի դիմաց։
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19:00-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենան Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը, որի ընթացքում կհայտարարվեն «Սարոյան» միջազգային մրցանակի և ազգային գրական մրցույթի հաղթողների անունները։
Փառատոնի հիմնադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: Փառատոնն իրականացնում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը՝ Ստեղծագործ Եվրոպայի «Վերսոպոլիս» նախագծի աջակցությամբ։



