2023թ. նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 5-ը Երևանը կընդունի բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Մրցաշարին 15-16 տարեկան բռնցքամարտիկներ կմասնակցեն՝ տղաների և աղջիկների 13-ական քաշային կարգերում, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան հայտնում է, որ IBA օրացույցում աշխարհի պատանեկան առաջնություն է գրանցվել 8 տարվա դադարից հետո: Պատանիների վերջին մրցումներն անցկացվել են 2015 թվականին Սանկտ Պետերբուրգում, իսկ աղջիկներինը՝ չինական Թայբեյում։ Այս անգամ մրցաշարը կանցկացվի համատեղ ձևաչափով:
Նշենք՝ բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը կանցկացվի նախկին «Միկա» մարզահամալիրում:
Հիշեցնենք՝ այս տարվա ապրիլին Երևանում անցկացվել էր Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, որի արդյունքներով Հայաստանի թիմը 1 ոսկե, 2 արծաթե ու 10 բրոնզե մեդալ էր նվաճել:
Ավելի վաղ հայ պատանի բռնցքամարտիկները նաև 2 ոսկե և 7 արծաթե մեդալ էին նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտված պատանիների Եվրոպայի առաջնությունում։
2022 թվականին էլ Երևանում առաջին անգամ անցկացվել է բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել էր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), փոխչեմպիոններ էին դարձել Արթուր Բազեյանն (57 կգ) ու Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ, իսկ Նարեկ Մանասյանը (92 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր: