ԳլխավորԼուր

Ինչպես պայքարել խտրականության և բուլինգի դեմ․ ուղեցույցներ չկան. ՌԱԵՀ-ի զեկույց

Ցույց Բելգիայում՝ ընդդեմ ռասիզմի

Հայաստանում հավասարության հարցերի շուրջ աշակերտների, ուսանողների և դպրոցների անձնակազմի անբավարար իրազեկվածությունը կարող է  խոչընդոտել բուլինգի դեմ պայքարին, գոյություն չունեն ուղեցույցներ, թե ինչպես պայքարել խտրականության և բուլինգի դեմ։ Այս մասին Usanogh.am-ը տեղեկանում է Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի այս տարվա հունիսին ներկայացրած զեկույցից:

Այնուամենայնիվ, ըստ զեկույցի, կա դրական զարգացում կրթության ոլորտում ընթացող լայնածավալ բարեփոխումների հետ կապված.

«Այդպիսի բարեփոխումները, ի թիվս այլնի, ներառելու են դպրոցների բացում կամ վերանորոգում, նաև՝ նախադպրոցական մակարդակում, գյուղական վայրերում, ուսուցիչների լրացուցիչ վերապատրաստում և աշխատավարձերի բարձրացում, ինչպես նաև հանրակրթության նոր չափորոշիչներ»,-ասված է զեկույցում։

Որպես դրական տեղաշարժ զեկույցում արձանագրվում է նաև Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ անցկացված մի շարք ուսուցիչների վերապատրաստումն ատելության խոսքի և խտրականության վերաբերյալ:

«ՌԱԵՀ-ն առաջարկում է իշխանություններին ընթացող կրթական բարեփոխումների շրջանակներում ամրապնդել ուսուցիչների վերապատրաստումը և ապահովել, որ այն պարտադիր կերպով անդրադառնա մարդու իրավունքների հարցերին, հասարակությունում բազմազանության նկատմամբ հարգանքին, ինչպես նաև ցանկացած անձի կամ անձանց խմբի նկատմամբ էթնիկ կամ ազգային ծագման, կրոնի, սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության և սեռական առանձնահատկությունների հիմքով խտրականության կանխարգելմանը։ Այս հարցերը պետք է արտացոլված լինեն դպրոցական ուսումնական ծրագրերում՝ համապատասխան նյութերի և գործողությունների մշակման միջոցով»,- նշված է զեկույցում:

ՌԱԵՀ-ն  առաջարկում է նաև ստեղծել արդյունավետ դպրոցական քաղաքականություն և մեխանիզմներ՝ բուլինգի կանխարգելման, մշտադիտարկման և դրան արձագանքման նպատակով։