ԳլխավորԼուր

Մեկնարկել է «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» հայագիտական միջազգային գիտաժողովը

«Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» հայագիտական միջազգային գիտաժողովը

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում հունիսի 21-23-ն անցկացվում է «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողովը: Այն նվիրված է միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողովը կազմակերպել է Մատենադարանը՝ որպես միջնադարյան հայ գրավոր մշակույթի կարևորագույն կենտրոն:

Հունիսի 21-ին գիտաժողովի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը: Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Ասողիկ աբեղա Կարապետյանը գիտաժողովի մասնակիցներին փոխանցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, իսկ Բերիո թեմի առաջնորդ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի օրհնության գրերը:

Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովի շրջանակում ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանն ընթերցել է նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը։

Գիտաժողովի առաջին լիագումար նիստում հանդես են եկել Կարեն Մաթևոսյանը՝ «Ներսես Շնորհալու ծննդյան թվականն ըստ իր եղբորորդի Գրիգորի հիշատակարանի», Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը՝ «Ս. Ներսէս Շնորհալի Մեկնիչը», Լեւոն արքեպիսկոպոս Զէքիեանը՝ «Շնորհալիի Էկումենական աստուածաբանութեան հիմնարար սկզբունքներն ու ընթացակարգը», Թեո Մաարտըն Վան Լինտը՝ «Աղօթք եւ բանաստեղծութիւն Ներսէս Շնորհալու գրուածքների մէջ «Յիսուս Որդի»-ի օրինակով, Կլոդ-Արմեն Մութաֆյանը՝ «Մլեհ, հաջողակ հայ իշխան մը», Ազատ Բոզոյանը՝ «ԺԲ դարի հասարակության կառուցվածքը ըստ Ներսես Շնորհալու թղթերի», Նազենի Ղարիբյանը՝ «Ներսես Շնորհալու հայրենասիրական գաղափարների արտացոլումը հայկական Ճաշոցում» թեմաներով:

«Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» հայագիտական միջազգային գիտաժողովը
«Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» հայագիտական միջազգային գիտաժողովի մասնակիցները

Գիտաժողովի շրջանակում Մատենադարանի թանգարանային մասնաշենքում բացվել է «Ներսես Շնորհալու ժառանգությունը» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են բազմաշնորհ հայրապետի գրական ժառանգությունը և գործունեությունը։ Ցուցադրված ձեռագրերն անդրադառնում են վերջինիս ստեղծագործության տարբեր ոլորտներին` վիպասանական, բանաստեղծական, ինչպես նաև ներկայացնում են Շնորհալուն՝ որպես երգահան, աստվածաբան, տեսաբան, քարոզիչ և եկեղեցական մեծ գործիչ։

Ներկայացված են Մատենադարանում պահվող ձեռագրերը, ինչպես նաև Շնորհալու ամենահայտնի գործերից մեկի` «Հավատով խոստովանիմ» աղոթքի ձեռագիր և տպագիր օրինակ հմայիլներն ու հնատիպ գրքերը` տարբեր լեզուներով (անգլերեն, չինարեն, եբրայերեն և այլն): Ցուցադրությունը կգործի մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը։

Ցուցահանդեսի ընթացքում ելույթով հանդես է եկել «Գեղարդ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան): Հնչել են Ներսես Շնորհալու ստեղծագործությունները:

Ներսես Շնորհալու տարելիցի առթիվ իրականացվում են մի շարք միջոցառումներ: Համերգային ծրագրերով հանդես կգան Արմեն Հյուսնունցը և Հայաստանի պետական ջազ քառյակը. նրանք կներկայացնեն հայ ջազային երաժշտություն՝ միջնադարյան մոտիվներով: Ելույթ կունենա նաև «Հովել» ստեղծագործական խումբը. կկատարվի ժամանակակից հոգևոր երաժշտություն՝ Շնորհալու պոեզիայով:

Միջոցառումների ժամանակացույցը՝ կից ծրագրում:

«Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» հայագիտական միջազգային գիտաժողովը

«Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» հայագիտական միջազգային գիտաժողովը
«Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» հայագիտական միջազգային գիտաժողովը