ԳլխավորԼուր

Հայաստանի դպրոցներում խտրականության և ատելության խոսքի վերաբերյալ դասավանդողների խնդիր կա. ՌԱԵՀ-ի զեկույց

Արցախցի երեխաները Գորիսում

Covid-19 համավարակի պատճառով Հայաստանում դպրոցների փակման հետևանքով հատկապես տուժել են գյուղական վայրերում բնակվող ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաները. այդուհանդերձ, իշխանությունները ձեռնարկել են հրատապ միջոցներ, որոնք թույլ են տվել տարրական և միջնակարգ դպրոցների աշակերտների 80% ին շարունակել իրենց կրթությունը: Այս մասին Usanogh.am-ը տեղեկանում է  Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի այս տարվա հունիսին ներկայացրած զեկույցից:

ՌԱԵՀ-ը խրախուսում է իշխանություններին ակտիվացնել այդ նախաձեռնությունները՝ նպատակ ունենալով ավելի արդյունավետ գնահատել դպրոցից դուրս մնալու դեպքերը և մեծացնել ներառական կրթության համար մատչելի ռեսուրսները։

Իշխանությունները ՌԱԵՀ-ին տեղեկացրել են, որ մարդու իրավունքների և հավասարության մասին կրթությունը ներառված է ուսուցիչների վերապատրաստման ծրագրի՝ ժողովրդավարական մշակույթի արժեքների վերաբերյալ ընդհանուր նախնական հավաստագրման պարտադիր մոդուլում։ Դպրոցական ուսումնական ծրագրերում այս առարկաները քննարկվում են բարոյագիտական կրթության համատեքստում, իսկ միջնակարգ դպրոցներում՝ թեմատիկ գլուխներով։

Այդուհանդերձ, ըստ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ դպրոցներում չկա համապարփակ շրջանակ խտրականության և ատելության խոսքի հետ կապված հարցերի դասավանդման համար, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է կրոնի, սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության և սեռական առանձնահատկությունների հիմքով խտրականությանը։ Բացի այդ, դպրոցներում այս հարցերի շուրջ ուսուցման ոլորտում արտաքին դերակատարների, այդ թվում՝ ՀԿ-ների ներկայացուցիչների ներգրավման հնարավորությունները խիստ սահմանափակ են։

Ինչ վերաբերում է միգրանտների (այդ թվում՝ ազգային սահմաններից դուրս տեղահանված անձանց) և էթնիկ փոքրամասնությունների խմբերի կրթությանը վերաբերող հատուկ միջոցներին, ՌԱԵՀ-ն նշում է, որ 2018-2019 թթ.-ին մոտ 40 և 25 անձ մասնակցել է լեզվի և քաղաքացիական կողմնորոշման դասընթացների , նախքան դրանց դադարեցումը 2020-2021 թթ.-ին՝ Covid-19 համավարակով պայմանավորված սահմանափակումների և 2020 թ.-ի Ադրբեջանի հետ հակամարտության պատճառով: Լեզվի դասընթացները և միգրանտների աջակցության այլ ձևերը նաև տրամադրվում են ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների, ինչպես օրինակ՝ ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից, նույնիսկ եթե նրանց միջոցները, ընդհանուր առմամբ, բավարար չեն լիարժեք հոգալու կարիքները։

Որպես լավ գործելակերպ՝ ՌԱԵՀ-ն ողջունում է այն փաստը, որ փախստական երեխաներն ունեն կրթություն ստանալու իրավունք՝ անկախ նրանց կարգավիճակից, և որ իշխանությունների կողմից ձեռնարկվել են հատուկ միջոցներ դպրոցական համակարգում Լեռնային Ղարաբաղից տեղահանված մոտ 24,000 երեխաների ինտեգրման ուղղությամբ, ինչպես օրինակ՝ վարչական և գործնական խնդիրների վերաբերյալ իրավիճակային լուծումների ընդունումը, օրինակ՝ նրանց գրանցումը դյուրին դարձնելու և դպրոց հաճախելու համար տրանսպորտ ապահովելու նպատակով։ Իշխանությունները նշել են, որ ըստ պահանջի լրացուցիչ անվճար կրթական աջակցություն է տրամադրվում արտադասարանական խմբերում՝ ներառյալ, անհրաժեշտության դեպքում, մասնագիտացված աջակցություն միգրանտ երեխաներին նախադպրոցական և պարտադիր կրթության ոլորտում։