ԳլխավորԼուր

Երևանի Ազատության հրապարակում նշվել է Յոգայի 9-րդ միջազգային օրը

Ազատության հրապարակում նշվել է Յոգայի 9-րդ միջազգային օրը

Երևանի Ազատության հրապարակում հունիսի 21-ին նշվել է Յոգայի 9-րդ միջազգային օրը, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Նիլակշի Սահա Սինհային, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

2015 թվականից սկսած՝ ողջ աշխարհում նշվում է Յոգայի միջազգային օրը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2014 թվականին հունիսի 21-ը հռչակել է Յոգայի միջազգային օր, և Հայաստանն այն 177 երկրների թվում էր, որոնք կողմ են քվեարկել այդ որոշմանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է ներկաներին տոնի կապակցությամբ և նշել. «Նման միջոցառումները հավաստում են հայ-հնդկական այն խորը բարեկամական հարաբերությունները, որոնք հազարամյակների պատմություն ունեն: Իսկ Հայաստանի անկախացումից ի վեր՝ արդեն 30 տարի է, ինչ անկախ Հայաստանը սերտորեն համագործակցում է Հնդկաստանի Հանրապետության հետ տարբեր ոլորտներում»:

2016 թ. Հնդկաստանի «Յոգա» հայտը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում՝ որպես հնդիկ ժողովրդի հնագույն փիլիսոփայության և հասարակության առողջ ապրելակերպի դրսևորում: Այս առումով ԿԳՄՍ փոխնախարարն ընդգծել է՝ խոր արմատներ ունեցող հնդկական փիլիսոփայությունն ու ավանդույթները դարձել են համայն մարդկության մշակութային ժառանգության բաղադրիչ, ինչը խորհրդանշական է մարդկությանը միավորելու տեսանկյունից:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հնդկաստանի Հանրապետության դեսպան Նիլակշի Սահա Սինհային՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ կառավարությանը համագործակցության համար: Նրա խոսքով՝ Յոգայի միջազգային օրվա այս տարվա խորագիրն է «Աշխարհը մեկ ընտանիք է». սա հնագույն փիլիսոփայություն է, որին հավատարիմ է մնում Հնդկաստանը:

«Յոգա նշանակում է միավորող ուժ: Ըստ հնագույն փիլիսոփաների՝ այն ամենը, ինչ ունի միավորող ուժ, հենց յոգան է: Այդ խորհրդավոր ուժը նշանավոր է նաև նրանով, որ բոլորդ այսօր հավաքվել եք այս խորհրդանշական վայրում՝ Ազատության հրապարակում»,-նշել է դեսպանը:

Միջոցառման ընթացքում յոգայի մասնագետները ցուցադրել են յոգայի տարբեր դիրքեր, մեկնաբանել դրանց նշանակությունը: